Հոկտեմբերի 1-ից հարկային ստուգումներին և ուսումնասիրությունների վերաբերյալ փաստաթղթերը, ինչպես նաև հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումները հարկ վճարողներին ծանուցվում են էլեկտրոնային եղանակով:
Գործընթացն ավելի դյուրին իրականացնելու նպատակով ՊԵԿ-ը հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգում յուրաքանչյուր հարկ վճարողի անձնական գրասենյակում ստեղծել է ստուգումների, ուսումնասիրությունների, հանձնաժողովի որոշումների նոր բաժին:
Լուսինե Այվազյան (ՀՀ ՊԵԿ վարչության տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ) - Այսպես, հարկ վճարողի առցանց լիազորն անձնական գրասենյակից պետք է մուտք գործի համապատասխան օգտվողի լիազորությունների «Էջեր» բաժին և շնորհի, օրինակ, էջը դիտելու, խմբագրելու կամ ստորագրելու լիազորություններ: Այնուհետև հարկ վճարողը կարող է անձնական գրասենյակի «Ծանուցումներ» բաժնի նոր ստեղծված բաժնում, ըստ անհրաժեշտության, դիտարկել էջը: Ընդ որում, համակարգը հարկ վճարողին հնարավորություն է տալիս ոչ միայն դիտել փաստաթղթերը, այլև ներկայացնել առարկություններ, խմբագրել և այլն:
Ստուգող տեսուչները ևս էջի միջոցով կարող են ներկայացնել փաստաթղթերի պահանջ, որոնց հարկ վճարողը կարող է առցանց պատասխանել և լրացուցիչ ներկայացնել այլ փաստաթղթեր ևս, որոնք ՊԵԿ-ի կողմից ընդունվելու վերաբերյալ նույնպես անմիջապես գեներացվում է: Հոկտեմբերին առցանց արդեն իսկ ծանուցվել է շուրջ 8500 փաստաթուղթ, իսկ հարկ վճարողներից ստացվել է 110 առարկություն: Փոփոխությունների արդյունքում հարկ վճարող-հարկային մարմին շփումն ամբողջությամբ իրականացվում է էլեկտրոնային եղանակով: Բացի այդ, էականորեն կրճատվում է ստուգումների և ուսումնասիրությունների վրա ծախսվող ժամանակը: Երբեմն ամիսներ տևող վարչարարական գործընթացն այժմ օրեր է տևում: Օրինակ՝ երբ հարկ վճարողը հրաժարվում էր առձեռն ստանալ ստուգման արդյունքում կազմվող ակտի նախագիծը և ակտը, կամ օբյեկտիվ պատճառներով դրանք հնարավոր չէր լինում առձեռն հանձնել հարկ վճարողին, դրանք ուղարկվում էին փոստի միջոցով:
Արսեն Արզումանյան (ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետի տեղակալ) - Ծանուցումների վերաբերյալ հարկ վճարողները կարող են իրազեկվել նաև էլեկտրոնային փոստի հասցեներով՝ անձնական գրասենյակում մուտքագրելով այն: Նախատեսվում է ծանուցման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել նաև բջջային հեռախոսահամարներով: