Հիշե՛ք՝ քաղցկեղը դատավճիռ չէ, հետազոտվեք տարին մեկ անգամ, կանխարգելե՛ք կրծքագեղձի քաղցկեղը:
Հոկտեմբերն ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս է։ Հայաստանում էլ առողջապահության նախարարությունը բազմաթիվ միջոցառումներ է իրականացրել` ուղղված կրծքագեղձի քաղցկեղը ժամանակին ախտորոշելուն ու բուժելուն։ Իրազեկման մեկամսյա ակցիաներն ամփոփվել են քայլերթով, որին մասնակցել է նաև նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը՝ անցորդներին մոտենալով.
- Մենք ուզում ենք քաջալերել, որ կանայք ճիշտ ժամանակին հետազոտվեն, նաև քույրիկներին, մայրիկներին, որպեսզի ճիշտ ժամանակին հետազոտվեն, և դրանով իսկ կհասնենք նրան, որ քաղցկեղը դատավճիռ չի լինի: Եթե թույլ տաք, մեր խորհրդանշանը ամրացնեմ ձեր կրծքին:
Նախարարը նշել է, որ պետական պատվերով միջոցառումներ են իրականացվում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Վերջին երկու տարիների ընթացքում մենք Լոռիում և Տավուշում իրականացրեցինք 50-65 տարեկան կանանց կանխարգելիչ հետազոտությունների շարք: Ներկայումս մամոգրաֆիայի կայանը տեղակայված է Սիսիան քաղաքում և կսպասարկի ամբողջ Սյունիքի մարզը:
Հավելեց՝ քաղցկեղի դեմ պայքարը, իհարկե, մի քանի ուղղություններով է: Իրազեկումից ու կանխարգելիչ հետազոտություններից բացի, խրախուսվում է առողջ ապրելակերպը, որովհետև պասիվ կենսակերպը, ծխելը, անառողջ սնունդը ռիսկի գործոններ են ու նպաստում են քաղցկեղի զարգացմանը:
Անահիտ Ավանեսյան - Բայց, իհարկե, դրանով չենք սահմանափակվում, և կարևոր է նաև բուժման կուրսի մեջ պետության ակտիվ աջակցությունը արդեն պացիենտներին: Այս առումով ավելացել են թե՛ դեղորայքային բուժման փաթեթները, թե՛ վիրահատական ամբողջ միջոցառումներն են իրականացվում պետական պատվերի շրջանակներում:
Նախարար Ավանեսյանն արձանագրեց՝ նախորդ տարիներին եղել է դիմելիության աճ, ինչն էլ իրենց գլխավոր նպատակն է: Վերջին տվյալներով՝ Հայաստանում 12592 կին պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ: Ամեն տարի մեր երկրում շուրջ 1300 նոր դեպք է հաստատվում։
Կրծքագեղձի քաղցկեղը կանխարգելիչ հիվանդություն է, վաղաժամ ախտորոշումը բարձրացնում է բուժման հավանականությունը 100 տոկոսով:
Հեղինակ՝ Աննա Զարխարյան