Արթուր Պապյան (մեդիափորձագետ) - Խաղը գրանցվել է Սթիմում, որը ամբողջ աշխարհում խաղերի վաճառքի ու տարածման հարթակ է բավական մեծ:
Steam խաղերի առցանց ծառայությունը տարեկան 132 մլն ակտիվ օգտատեր ունի: Հենց այս խաղի միջոցով ներկայացվում է, թե ինչպես հատուկջոկատայինները գալիս են գրավելու հայկական տարածքներ՝ այդ ընթացքում սպանելով հայ զինծառայողներին ու գնդակահարելով գերիներին։ Հակահայկական խաղը դաժան տեսարաններով մի քանի ամիս առաջ է ստեղծվել, բայց թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ները, սոցցանցերը այն վերջին 2 օրերին են սկսել տարածել:
Տեսնում ենք, որ մարտին անոնսային մի բան է ներբեռնվել, մայիսին ներբեռնվել է բուն խաղը, մի քանի ամիս թարմացվել է և հիմա է, որ սկսել շրջանառվել: Կտրուկ ավելացել են մեկնաբանությունները, ռեվյուները:
Խաղի նկարագրության մեջ նշվում է՝ թուրքերն են պատերազմում Հայաստանի դեմ 2030 թվականին, ադրբեջանական կայքերում էլ այն ներկայացված է, թե իբր պատերազմին մահացած ադրբեջանցիների որդիներն են հայերից վրեժխնդիր լինում, գործողություններն էլ Հայաստանի այսպես կոչված օկուպացված տարածքներում են:
Էն մարդիկ, որ գնում են, կարող են մեկնաբանություն էլ թողնել, քիչ են դրանք, նաև կան ակնհայտ գովերգողներ, իսկ օբյեկտիվ գնահատողները ասում էին, որ խաղը պատրաստի կտորներից հավաքած է, երևում է, որ քարոզչական նկատառումներով է արել: Դրա ապացույցը նաև խաղի արժեքն է՝ 4 դոլար 99 սենթ:
Դա բավական համեստ գին է, քանի որ այնտեղ խաղերը մինչև 100 դոլար կարող են լինել:
Շեշտում է՝ այս հարթակում խաղ ստեղծողներն են գինը սահմանում, ակնհայտ է՝ գումար աշխատելը չէ այս խաղի նպատակը, այլ քարոզը, հոգեբանական ճնշումը:
Մենք տեսնում ենք, որ դրական մեկնաբանությանը 100-ից ավել լայք կա, երևում ա, որ արհեստականորեն ռեյտինգը բարձրացնում են:
Այս պահին ամեն դեպքում խաղի վարկանիշը բարձր չէ, մեկնաբանություններում մեդիափորձագետը հանդիպել է նաև բողոքների՝ խաղը տեխնիկական խնդիրներ ունի, լավ չի աշխատում:
Այն ներբեռնված է «Կիսալուսնի խաղեր» ծրագրավորողի կողմից կամ ընկերության կողմից: Այս ընկերության անվան տակ այդ մեկ խաղն է, յութուբյան ալիքում էլ ընդամենը 2 տեսանյութ է հենց այդ խաղից:
Հետևությունը մեկն է՝ խաղը ստեղծող օգտահաշիվը հատուկ նպատակով է՝ որպես հայատյացության տարածման հերթական գործիք: Հայ օգտատերերն արդեն սկսել են բողոքել Steam խաղերի առցանց ծառայության համապատասխան բաժնում՝ խաղը արգելափակելու, ջնջելու համար:
Մեդիափորձագետը շեշտում է՝ թեպետ իր կանոններով խաղը չի հակասում տվյալ հարթակի պահանջներին, դաժան տեսարաններով հնարովի կամ պատմական դեպքերի վրա հիմնված էլի խաղեր կան հարթակում, բայց հաշվի առնելով ներկա իրողություններն ու ադրբեջանցիների՝ հայ զինվորների նկատմամբ բացահայտ խոշտանգումները, բողոքարկումը պետք է շարունակել:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան