Ռուսաստանի իշխանությունները Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը որակել են ահաբեկչություն։ «Կասկած չկա, որ սա ահաբեկչություն է, որի նպատակն է ոչնչացնել Ռուսաստանի Դաշնության շատ կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքը»,- համաձայնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի զեկույցին։
Պուտինն ընդգծել է, որ «հարձակումը նախապատրաստել են ուկրաինական հատուկ ծառայությունները, և այս հարձակման նպատակն էր ոչնչացնել քաղաքացիական մեծ ենթակառուցվածքը, որը շատ կարևոր է Ռուսաստանի ու հատկապես Ղրիմի համար», հայտնում է gazeta.ru-ն։
Բաստրիկինը մանրամասնել է, որ պայթյունի նախապատրաստմանը օգնել են «Ռուսաստանի և օտարերկրյա պետությունների քաղաքացիներ»։
Ղրիմի կամրջի վրա պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան։ Կամրջի վրայով անցնող բեռնատարը հանկարծակի պայթել է, ինչի հետևանքով կամրջի երկու հատվածն ընկել է Կերչի նեղուցը՝ խաթարելով երթևեկությունը։ Ենթադրվում է, որ հինգ մարդ մահացել է։