Մարդու իրավունքների պաշտպանը Ադրբեջանի զինված ուժերի անմարդկային արարքների, խոշտանգումների փաստերն է ներկայացրել միջազգային գործընկերներին: Քրիստիննե Գրիգորյանը Ստրասբուրգում հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոյին:
Նա դատարանի նախագահին է տրամադրել Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույցը, որում, ի թիվս այլնի, վերլուծված են ադրբեջանական հարձակման ընթացքում արձանագրված խոշտանգումների, նվաստացնող վերաբերմունքի դեպքերը:
Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է նաև Եվրոպայի խորհրդի Երեխաների իրավունքների ստորաբաժանման ղեկավար Ռեջինա Ջենսդոտիրի և ԵԽ Խտրականության դեմ պայքարի, բազմազանության և ներառման հարցերով ղեկավար կոմիտեի քարտուղար Վոլֆրամ Բեխտելի հետ։ Գրիգորյանը ԵԽ երեխաների հարցերով համակարգողի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված անձանց, այդ թվում` ավելի քան 1400 երեխաների հիմնարար իրավունքների խախտումների վրա:
Գրիգորյանը շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերի ռազմական հանցագործություններն ուղիղ հետևանք են Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության սերմանման ու խթանման. այդ հանցագործություններն իրականացվում են ատելության հիմքով: Իր խոսքում Բեխտելը մատնանշել է քաղաքական գործիչների կարևոր դերակատարումը ատելության խոսքից զերծ մնալու և դրա կանխարգելման ուղղությամբ:
Զոհված զինծառայողների, մասնավորապես՝ կին զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները պաշտպանը ներկայացրել է նաև ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի գործադիր քարտուղար Ռեժիս Բրիլլատին:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան