Նելլին Վանաձորի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է, նաև՝ ուսանողական խորհրդի անդամ: Ասում է՝ ուսխորհուրդն ավելի հետաքրքիր է դարձնում ուսանողների առօրյան՝ բանավեճերը, դասախոսների հետ հանդիպումները, էքսկուրսիաներն ու արշավները բարձրացնում են սովորելու մոտիվացիան։
Նելլի Աբովյան (ՎՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող) - Ուսխորհրդում իրապես կյանքը շատ բուռն է, գունեղ, կազմակերպում ենք տարբեր թեմատիկայով՝ կապված տվյալ ֆակուլտետի և մասնագիտական առանձնահատկությունների հետ կապված միջոցառումներ։
Ուսխորհրդի դերի բարձրացմանը զուգահեռ վերջին տարիներին համալսարանում բազմաթիվ այլ փոփոխություններ են տեղի ունեցել։ Վերափոխվել են ֆակուլտետները, ամբիոնները, ստեղծվել են ձեռնարկատիրության զարգացման կենտրոն, լաբորատորիա, լսարանները հագեցվել են համակարգիչներով, վերամշակվել են մասնագիտական կրթական ծրագրերը, ներդրվել է դասախոսների բժշկական ապահովագրություն և այլն։
Ռուստամ Սահակյան (ՎՊՀ ռեկտոր) - Բուհը իր զարգացման եկել հասել էր նոր փուլի, որովհետև ժամանակի պահանջներից հարց էր դրված նաև իմ առջև բուհի փոփոխություններ կատարելու։ Ունեցանք բավականին մեծ փոփոխություններ, իհարկե՝ բարդ, ես կարող եմ ասել՝ ի պատիվ կոլեկտիվի այդ փոփոխությունները մենք անցանք նորմալ։
Արդեն երկրորդ տարին համալսարանում անցկացվում է աշխատանքի տոնավաճառ, կազմակերպվում «Ուսանողական գարուն» փառատոնը։ Բուհի ռեկտորը լիահույս է, որ այն դառնալու է համալսարանի այցեքարտը։ Փոփոխություններ են կատարվել նաև ներքին ենթակառուցվածքներում՝ քոլեջում և վարժարանում։ ԿԳՄՍ նախարարության երաշխավորմամբ էլ 1 տարուց ավելի է՝ համալսարանն իրականացնում է դպրոցի տնօրենների և ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։
Բուհը համագործակցում է տարբեր ընկերությունների հետ՝ գործատուներին համալսարան բերելու և հետագայում շրջանավարտներին աշխատանքով ապահովելու նպատակով։ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանն ասում է՝ փորձում են շուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ թողարկել։
Մարիա Բրուտյան (ՎՊՀ հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան) - Հետևողական ենք, թե ինչպես են մեր շրջանավարտները իրենց աշխատանքը գտնում, և վերջերս մենք մի փոքրիկ հետազոտություն արեցինք, և հուրախություն մեզ՝ կարող եմ ասել, որ վերջին 2 տարիների շրջանավարտների մոտ 80 տոկոսը աշխատանք ունի, իսկ ընդհանուր առմամբ մոտ 50 տոկոսը աշխատում է իր մասնագիտությամբ։
Վերջերս գործարկվել է բուհի վերանորոգված արխիվի տարածքը։ Համալսարանի արդեն 24 տարվա արխիվավարն ասում է՝ այս փոփոխությունը տարիների երազանք էր։
Աիդա Ղազախեցյան (ՎՊՀ արխիվավար) - Արխիվ ունեցել ենք միշտ, բայց ունեցել ենք ծանր պայմաններ։ Էս նկուղային սենյակում, էն նկուղային սենյակում, էստեղ լրանում էր, հիմա մի ուրիշ սենյակում էինք դնում։ Էդպես աշխատելն էլ էր անտանելի, հիշողության հաշվին, իմ կարողանալու հաշվին, էդպես աշխատել ենք։
Նոր մարզադահլիճ, ռազմահայրենասիրական և մեդիա կենտրոններ, նոր գիտական խմբերի ստեղծում, արագ ինտերնետ հասանելիություն, մեկ պատուհանի սկզբունքով ուսանողների աջակցության կենտրոն․․․
Ուսումնական հաստատությունում բարեփոխումները կշարունակվեն նաև առաջիկա տարիներին։
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան