Կենդանաբանական այգում նոր համալրում կա. Միջազգային «Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղին օրեր առաջ գտել էին ԱԻՆ-ի փրկարարները: Մոտ երկու տարեկան կենդանին վնասվածքներ չունի, այժմ կարանտինում է, հատուկ հետազոտությունների փուլն անցնելուց հետո կտեղափոխվի ճաղավանդակ: Նրան այստեղ սպասում է անգղերի 21 հոգանոց ընտանիքը:
Աշոտ Ասլանյան (Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն) - Ալավերդում՝ քաղաքի սահմաններում, ԱԻՆ-ը բռնել էր, տարել էին քաղաքից դուրս, փորձել էին վերադարձնել բնություն, բայց տեսել էին, որ կենդանին չի կարողանում լավ թռչել:
Ոչ միայն անգղերի, այլ լեշակերների, գիշատիչ թռչունների շատ տեսակներ աշխարհի բոլոր երկրներում գրանցված են տեղական կամ միջազգային Կարմիր գրքերում: Ըստ Կենդանաբանական այգու փոխտնօրենի՝ Հայաստանում բնակվում է չորս տեսակի լեշակեր՝ սպիտակագլուխ, սև, մորուքավոր և գիշանգղեր: Բոլորն էլ գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում:
Աշոտ Ասլանյան - Քանի որ գործ ունենք հազվագյուտ կենդանու հետ, չի կարելի թողնել, որ նույն ծնողների ձագերը նորից խաչասերվեն ծնողների կամ մեկը մյուսի հետ: Այդ իսկ պատճառով միշտ անհրաժեշտություն է առաջանում ժամանակ առ ժամանակ բերել նոր կենդանի, որը հնարավորություն է տալիս շրջանցել այդ խնդիրները:
Երևանի կենդանաբանական այգին Կենդանիների պահպանության միջազգային միության հետ համատեղ նաև նախատեսում է այգու սպիտակագլուխ անգղերից երկուսի վերադարձը բնություն: Համալրումներ կան նաև ծնունդների հաշվին: Սուզաբադը, թութակներն ու սև կարապները այս շարքից են, մյուսներին թվարկում է՝ Աննա Ասատուրյանը:
Աննա Ասատուրյան (Երևանի կենդանաբանական այգու խոտակեր կենդանիների բաժնի ղեկավար) - Այս պահին ունենք երկու մուֆլոն, երկու բեզուարյան այծ, տասը եվրոպական եղնիկ, պտավոր եղջերուներ: Բավականին բեղուն տարի է, կարելի է ասել, և դեռ սպասում ենք: Թռչուններ ունենք՝ տեսակներ, որոնք դեռ թխսի շրջանում են: Առյուծը ծնվել է ապրիլի 21-ին՝ Աֆինան, արդեն երեք ամսականը լրացել է: Մի քանի ամիս հետ արդեն կփորձենք ցուցադրել:
Կենդանաբանական այգում նաև կորուստներ կան: Օրեր առաջ անկել էր այգու ամենատարեց՝ 29-ամյա հիմալայան սև արջը:
Աննա Ասատուրյան - Հիմալայան արջի էգը 93 թվականի ծնունդ էր, արդեն տարիքով էր, կարծես ծերունական մահ ա եղել նրա մոտ, բայց էս պահին մենք ունենք ևս մեկ հիմալայան արջ և 15 կովկասյան գորշ արջեր:
Կենդանիներից շատերը ծերացել են, չի բացառվում՝ մոտ ապագայում էլի անկումներ լինեն՝ ասում է այգու փոխտնօրենը: Օրինակ՝ առողջական խնդիրների պատճառով ամիսներ առաջ քնեցվել է Տաշքենդից բերված 20-ամյա վագր Գերդան:
Հեղինակ՝ Հովհաննես Վարդանյան