Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծին:
«Ծրագրի վերջնական նպատակն է ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված ՀՀ զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ:
Ծրագրի վերջնանպատակի համար սահմանվել են 3 ռազմավարական ուղղություններ՝ համընդհանուր ներառական, սովորողակենտրոն կրթական միջավայրի ձևավորում ՀՀ ողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացում, կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում և արտահանում»,- ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ դպրոց ընդունվող բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում:
Մսուրի ծառայություններ կգործեն բոլոր խոշորացված համայնքներում: Բոլոր դպրոցները կունենան պատշաճ կահավորված և արդիական սարքավորումներով հագեցած, սանիտարահիգիենիկ, անվտանգային ստանդարտներին բավարարող և համընդհանուր մատչելի շենքեր:
Փոխվարչապետ Մաթևոսյանը նշեց, որ նախագիծը բավական ծավալուն է, և շատ կարևոր է, որ առաջիկայում դրա շուրջ քննարկումները շարունակվելու են Ազգային ժողովում՝ օրենսդիր գործընկերների հետ:
«Առաջիկայում վարչապետը նույնպես հնարավորություն կունենա անդրադառնալու նախագծին և առհասարակ կրթության ռազմավարությանը, քանի որ շատ կարևոր քննարկումներ տեղի են ունեցել հենց իր գլխավորությամբ: Երկու բառով փորձեմ ամփոփել ներկայացվածը: Մենք մի քանի կարևոր չափանիշներ ենք սահմանել՝ նախ, պետք է իրականացնենք մեր նախընտրական խոստումները և այս դեպքում արդեն իսկ Կառավարության 2021-2026թթ. ծրագիրը:
Մեզ համար, իհարկե, շատ կարևոր է, որ ուսման վարձավճարի պատճառով բարձր առաջադիմություն և պատշաճ վարքագիծ դրսևորող որևէ ուսանող չզրկվի մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից, և որ կրթական ծառայությունները պետք է մատչելի լինեն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար իր իսկ բնակավայրում: Հենց այս խնդիրը թիրախավորելու համար ունենք մեկ այլ ծրագիր. խոսքը վերաբերում է, ինչպես տեղյակ եք, 300 դպրոցների և 500 մանկապարտեզների մեծածավալ շինարարական աշխատանքներին, որոնք այս պահին էլ ընթանում են ՀՀ բոլոր մարզերում, նաև Երևան քաղաքում:
Մյուս կարևոր կետը կամ առանձին գլուխը ռազմավարության մեջ վերաբերում է ակադեմիական քաղաքին, որը վստահաբար իր բնույթով, ֆիզիկական ենթակառուցվածքներով և բովանդակությամբ պետք է նոր չափորոշիչ սահմանի ոչ միայն ՀՀ մասշտաբներով, այլև պետք է հնարավորինս հասանելի լինի մեր սփյուռքի հայրենակիցների և իհարկե, միջազգային ուսանողների համար:
Եվ ևս մեկ կարևոր դիտարկում՝ Կրթության զարգացման պետական ծրագիրը թերևս միակ ոլորտային ռազմավարական փաստաթուղթն է, որը պետք է հաստատվի Ազգային ժողովի կողմից: Հետևաբար, սա ընդգծում է փաստաթղթի կարևորությունը»,- ամփոփեց փոխվարչապետը: