Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ներկայանում է նոր տարբերանշանով, գույներով ու մոտեցմամբ։ Այն վերանվանվել է Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոն։ Կունենա նոր կայք։
Կառույցից նշում են, որ ժամանակի շունչ են հաղորդում ոչ միայն խաղացանկին, այլև արտաքին տեսքին։ Փոփոխության նպատակը Հայաստանից դուրս ընկալելի լինելն է, իսկ թատրոնը 2023 թվականին արտասահմանյան հյուրախաղեր ունի:
Շմավոն Գրիգորյան (Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնի գլխավոր պրոդյուսեր) - Այս 6 ամիսների աշխատանքի արդյունքում մեր թիմը տարբեր աշխատանքներ ձեռնարկեց, և մենք հասկացանք, որ կարելի է անգամ այս լոգոտիպի միջոցով հանրայնացնել թատրոնի արտիստներին թե՛ արտասահմանում, թե՛ Հայաստանի սահմաններում։
Տարբերանշանի հիմքում երկու գաղափար է. վերևից թատրոնի շենքի պատկերն է, այն նման է նաև սեղմված օ տառի, ասես օպերային երգչի բերանի ձևն ունենա։ Իրենց խոսքով՝ դիպուկ ու հասկանալի անվանումը կօգնի հաջողություններ գրանցել։
Փոփոխության մասին հնչած կարծիքները միանշանակ չեն։ Դժգոհությանը, թե հրաժարվում են Ալեքսանդր Սպենդիարյան անունից, պատասխանում են՝ սա պարզապես կառույցի կարճ անվանումն ու նոր տարբերանշանն է, իրավական առումով մեծ երաժշտի անունը պահպանվում է:
Կարեն Դուրգարյան (Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պաշտոնակատար) - Ալեքսանդր Սպենդիարյանի անունը որևէ մեկը չի կարող հանել Օպերայի թատրոնի անունից, որովհետև մենք հպարտությամբ ենք կրում այդ անունը:
Փոփոխությունը անվանում են ամենօրյա աշխատանքի մաս։
Կարեն Դուրգարյան - Մի կողմից՝ նոտաներ, մյուս կողմից՝ նոր ներկայացումներ, մի կողմից՝ վերականգնում, մյուս կողմից՝ փորձում ենք արտիստների կարգավիճակը փոխել, բարելավել նրանց կյանքը։ Փորձում ենք բալետային հանդերձարանների հարցը լուծել, դաշնամուրներ գնել։
Նշում են՝ փոփոխությունները կատարել են՝ պահպանելով թատրոնի 90-ամյա պատմությունն ու ավանդույթները, դրանք համապատասխանեցնելով միջազգային ստանդարտներին։