«Էջմիածին» բժշկական կենտրոնն ու «Վաղարշապատ» հիվանդանոցը միավորվել են: Նախկինում բուժկենտրոնը սպասարկում էր ամբուլատոր, իսկ հիվանդանոցը՝ ստացիոնար պացիենտներին: Նոր կարգավիճակով այն հնարավորություն կունենա սպասարկել թե՛ ստացիոնար, թե՛ ամբուլատոր հոսքերը: Նոր հաստատությունը այսուհետև կոչվելու է «Էջմիածնի բժշկական կենտրոն»:
Աշոտ Կիրակոսյան («Էջմիածնի բժշկական կենտրոն» ՓԲԸ վիրաբուժական բաժանմունքի վարիչ) - Եթե մենք ճիշտ աշխատենք տեղամասի բժշկի հետ, մեր աշխատանքը կհեշտանա: Նա, իմանալով՝ ինչ մասնագետներ կան Էջմիածնի հիվանդանոցում, կոնկրետ կուղղորդի այդ մասնագետի մոտ և կպահի կոնտակտները:
Խոշորացման առաջին փուլը տեղի էր ունեցել դեռ 2016 թվականին. միավորվել էին ծննդատունն ու պոլիկլինիկան: 6 տարի անց, արդեն միավորված բուժկենտրոնը կրկին խոշորացվեց՝ այս անգամ «Վաղարշապատ» հիվանդանոցի հետ: Էջմիածնի բժշկական կենտրոնի տնօրենը վստահ է՝ բուժհիմնարկների միավորումից շահելու են բոլորը:
Գոռ Ասատրյան («Էջմիածնի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն) - Պացիենտը կշահի, որ ստացիոնար և ամբուլատոր օղակները կկառավարվեն մեկ վարչական կենտրոնից: Միավորմամբ նաև ռեսուրսները կմեծանան, որի շնորհիվ առաջնահերթ ծրագրերն ավելի արագ կիրագործենք:
Հաստիքների կրճատում չի լինի, փոխարենը կլինի սերնդափոխություն: Ասում են՝ շտապօգնության 60-ն անց բուժաշխատողը, օրինակ, այնքան արագաշարժ չէ, որքան երիտասարդը: Վստահ են՝ սերնդափոխությամբ կբարձրացնեն նաև բուժսպասարկման որակը:
Սաթենիկ Թովմասյան (Արմավիրի մարզպետի խորհրդական) - Փորձել ենք անել այնպես, որ չդիպչենք որևէ աշխատակցի, միայն դեկտեմբերին կունենանք թոշակի գնացողներ: Ոչ թե հաստիքների կրճատում, այլ 67 և ավելի բուժքույրերի ու մաքրուհիների հաստիքային փոփոխություն՝ երիտասարդներով:
Հիվանդանոցի մասնաշենքը մասամբ է նորոգված. բուժհաստատության տնտեսած միջոցներով վերջերս կոսմետիկ փոփոխություններն են արվել: Հին են նաև սարքավորումներն ու հիվանդասենյակների գույքը: Միավորումը հնարավորություն կտա նորացնել նաև գույքը:
Սաթենիկ Թովմասյան - Բյուջեն ավելի մեծանում է, հիվանդանոցի հնարավորությունները մեծանում են՝ նոր սարքավորումներ ձեռք բերելու, աշխատավարձերը բարձրացնելու:
Շինարարական եռուզեռը կսկսվի աշնանը: Պետության աջակցությամբ «Էջմիածնի բժշկական կենտրոն»-ն ամբողջությամբ կնորոգվի: Կառուցապատման աշխատանքների համար կծախսվի ավելի քան 1 միլիարդ դրամ: