ՄԻՇԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անձամբ շարունակելու է ակտիվորեն մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կառուցման գործընթացին՝ հայտարարել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Հուսով եմ, որ ապագայում մենք կտեսնենք նոր հանդիպումներ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև, քանի որ այդ ձևաչափը, իրոք, մեծ նշանակություն ունի»,- նշել է պաշտոնյան՝ հավելելով, որ կողմերին հաջողվել է առաջընթաց արձանագրել մի շարք կարևոր հարցերի շուրջ:
«Մենք խոսում ենք խաղաղության համաձայնագրի, հաղորդակցությունների վերաբացման, սահմանային հարցերի մասին։ Կան բազմաթիվ առանցքային խնդիրներ, որոնց լուծման գործում, կարծում եմ, ԵՄ-ն ակտիվ մասնակցություն է ունեցել և կունենա»,- նշել է Կլաարը։
ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԿԻԵՎԻ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՇՓՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ
Մոսկվայի և Կիևի միջև որոշակի շփումներ պահպանվում են, սակայն բացառապես հումանիտար ենթախմբերի մակարդակով՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը։
«Մի շարք հարցեր կան գերիների, դիակների փոխանակման, հումանիտար միջանցքների բացման առումով։ Քաղաքական և դիվանագիտական շփումները դադարեցված են», - մանրամասնել է Միխայլո Պոդոլյակը։
Նա համոզմունք է հայտնել, որ բանակցությունների սեղանի շուրջ պայմանները պետք է թելադրի Կիևը։
«Ռուսական պայմաններն անընդունելի են, դրանք ուղղակի որոշակի ժամանակով միայն կհետաձգեն նոր պատերազմը»,- ընդգծել է Պոդոլյակը։
Ավելի վաղ նա հիշեցրել էր հակամարտության կարգավորման ուկրաինական պայմանները՝ անհապաղ զինադադար, ռուսական զորքերի դուրսբերում, գերիների վերադարձ, ռազմական հանցագործների արտահանձնում, երկրի վերականգնման համար մեխանիզմների մշակում, Ուկրաինայի ինքնիշխան իրավունքների ճանաչում։
ԿՈՒԼԵԲԱՆ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ G20-Ի ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան տեսակապի միջոցով ելույթ կունենա Ինդոնեզիայում G20-ի արտգործնախարարների հանդիպմանը՝ տեղեկացրել է Ջակարտայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Գամյանինը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքն էլ հայտարարել է, որ Մեծ Քսանյակի հանդիպմանն ընդառաջ Բեռլինը և Կիևը համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները։
«Մենք թույլ չենք տա Ռուսաստանին հարթակ տրամադրել Քսանի խմբի քննարկումներին», - ընդգծել է Բերբոքը։
Ինդոնեզիայի Բալի կղզում հուլիսի 7-8-ը նախատեսված է G20 երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Օրակարգային կարևոր հարցերն են՝ Ուկրաինայի շուրջ զարգացումները, ինչպես նաև աշխարհում պարենային և էներգետիկ անվտանգությունը։
Ավելի վաղ՝ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն Վլադիմիր Պուտինին և Վոլոդիմիր Զլենսկուն հրավիրել էր մասնակցելու Մեծ Քսանյակի հանդիպմանը: Նախագահներն ընդունել են հրավերը, սակայն մասնակցության ձևաչափի մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԸՍՏ ՎԱՐՉԱՊԵՏԻ
Էներգետիկ ոլորտում անկախության ապահովում, պաշտպանունակության ամրապնդում, հավասարության երաշխավորում՝ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնն անվանել է երկրի կառավարության առաջնահերթությունները։
Նա նշել է, որ Ֆրանսիան, ի տարբերություն եվրոպական այլ երկրների, մեծ կախում չունի ռուսական գազից, սակայն էներգառեսուրսի մատակարարման դադարեցումը կազդի նաև ֆրանսիական տնտեսության վրա։ Բորնը նաև կոչ է արել պայքարել անջատողականության և իսլամիզմի դեմ, որոնք սպառնում են հանրապետական միասնությանը։
Վարչապետը, միաժամանակ, կոչ է արել խորհրդարանին, որտեղ ընտրություններից հետո ոչ իշխող դաշինքը, ոչ էլ ընդդիմադիր ուժերից որևէ մեկը բացարձակ մեծամասնություն չի կազմել, վերհիշել «փոխզիջում» բառի նշանակությունը, համախմբվել և միասին հզորացնենք Ֆրանսիան՝ հաշվի առնելով ուկրաինական հակամարտության հետևանքները, համավարակը և բնապահպանական խնդիրները։
Չնայած Բորնի կոչերին, ընդդիմադիր պատգամավորները փորձել են ընդհատել նրա ելույթը։