Կառավարության նիստին վարչապետը նշել է, որ հանձնարարականներ է տվել Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու փլուզման եզրին գտնվող պատի և դեպի Բջնիի ամրոց տանող ճանապարհի նորոգման հետ կապված:
«Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի 11-րդ դարի է: Եկեղեցու պատը վթարային վիճակում է, և այնտեղ հենքեր են տեղադրել, որպեսզի այն չփլուզվի: Ես ԿԳՄՍ նախարարին հանձնարարել եմ, որ մենք իրականացնենք այդ ծրագիրը, հետո, բարեբախտաբար, պարզվեց, որ պատրաստի նախագիծ կա և պետք է ֆինանսավորում ապահովել: Հնարավորինս արագ պետք է խոյակերտ եկեղեցու պատը նորոգենք: Նաև հանձնարարականներ եմ տվել Բջնիի ամրոցի հետ կապված, քանի որ դա նույնպես մեր երկրի կարևորագույն պատմական մշակութային հուշարձաններից է: Այնտեղ ճանապարհի խնդիր կա, որը շատ մեծ թեքություն ունի, բայց պետք է ճանապարհը նորոգել, որպեսզի զբոսաշրջային պոտենցիալն ամբողջությամբ իրացվի»,- ասել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը հավելել է նաև, որ հիմա նորոգվում է Բջնի-Հրազդան ճանապարհահատվածը, որը տասնյակ տարիներ չվերանորոգված հատված էր. այն էականորեն կակտիվացնի զբոսաշրջային պոտենցիալը Աղվերան-Ծաղկաձոր հատվածում, իսկ հաջորդ տարի կդիտարկվի նաև Աղվերան-Չարենցավան ճանապարհահատվածը: