Ջրծաղիկի դեմ պատվաստումը կարող է ներդրվել պատվաստումների ազգային օրացույցում՝ դառնալով բնակչությանը պլանային կարգով առաջարկվող մոտ քսան պատվաստանյութերից մեկը:
Առողջապահության ոլորտի պատասխանատուների նախնական պատկերացմամբ` դա անհրաժեշտ է: Վերջնական որոշում կլինի, երբ ստեղծված աշխատանքային խումբը ներկայացնի ամփոփ եզրակացություն:
Աշխատանքային խմբի եզրակացությունը սպասվում է մինչև օգոստոսի սկիզբը: Դրական լինելու դեպքում կմշակվի պատվաստումը փուլային ներդնելու ռազմավարություն: ՀՎԿԱԿ փոխտնօրենն ասում է՝ դեռ մինչև քովիդի համավարակն էին քննարկում ջրծաղիկի դեմ պատվաստելու հարցը:
Առաջին փուլում ջրծաղիկի դեմ պատվաստում կստանան նաև մինչև 1 տարեկան երեխաները: Ներկայում համաճարակային իրավիճակի որոշակի աշխուժացում կա: Նախորդ տարվա համեմատ վարակի դեպքերը աճել են 8 անգամ: Բայց պատկերը մոտ է մինչքովիդյան շրջանին, երբ մարդկանց շփումները սահմանափակված չէին: Ջրծաղիկն օդակաթիլային վարակ է, և տարածումը կանխարգելվում է, երբ նվազում են շփումները, կամ մարդիկ պատվաստված են:
Սահակյանն ընդգծում է՝ պատվաստումները հնարավորություն են տալիս վերահսկել վարակի տարածումը և կանխարգելել ծանր դեպքերը: Ի դեպ, ըստ նրա, այսօր հիվանդանոցներում ջրծաղիկի բարդացման դեպքեր կան, երբ երեխաների մոտ զարգացել է էնցեֆալիտ՝ ուղեղի թաղանթի բորբոքում և այլ խնդիրներ: Իսկ մեծահասակների մոտ հաճախ զարգանում է զոստեր՝ գոտևորող հերպես, որը տևում է 2-6 շաբաթ: Հնարավոր է` դրա դեմ նույնպես պատվաստում առաջարկվի բնակչությանը:
Մանկաբույժ Իրինա Մամյանը շեշտում է՝ այդ պատվաստանյութը նոր չէ ու արդեն ազգային օրացույցի մաս է տարբեր երկրներում: Վիճակագրությունը ցույց է տվել, որ, օրինակ՝ ԱՄՆ-ում տարեկան կանխվել է մահվան 100-150 և հիվանդացության կես միլիոն դեպք:
Ջրծաղիկի դեմ պատվաստումը պետք է լինի երկու դեղաչափով: Մամյանը նշում է, որ մասնավոր կլինիկայում, որտեղ ինքն աշխատում է, այդ պատվաստումները վճարովի արվել են: 2021 թվականին 90 դեղաչափ են ունեցել, ամբողջությամբ սպառվել է: Ի դեպ, մեկ դեղաչափի արժեքը եղել է 47 հազար դրամ: Բարդությունների որևէ դեպք չի գրանցվել, թեպետ ինչպես յուրաքանչյուր դեղամիջոց, պատվաստանյութն էլ ունի կողմնակի ազդեցություն:
Հեղինակ` Աննա Զախարյան