Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ստեղծած «Լիտերատուսի արկածները» սեղանի խաղի թեման մեդիագրագիտությունն է: Հաղթում է այն խաղացողը, որը շրջանցում է Մանիպուլուսի կեղծ տեղեկությունների ծուղակները:
Գեղամ Վարդանյան (Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր) - Ընթացքում կոռուպցիոն թեմաներ է բացահայտում, օրինակ, որ ջրի հունը փոխել են, ջրով շիշ են ծախում, բայց իրականում ջուր կա, մարդկանց մանիպուլացնում են և այլն:
Գեղամ Վարդանյանը խաղը ներկայացնում է «Բարքեմփ Երևան» տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա միջոցառման շրջանակում:
Գեղամ Վարդանյան - Խոսելու ենք փաստերի ստուգման թեմայի կարևորության մասին, խնդիրների մասին, փիլիսոփայության մասին ընդհանրապես, և ինչու է դա կարևոր: Փորձելու ենք անկեղծ խոսակցություն ունենալ, և, կարծում եմ՝ այս միջավայրի համար, որտեղ հավաքված են շատ պայծառ, բանիմաց և խելացի երիտասարդներ, մեդիայի մասին խոսակցությունները շատ կարևոր են, որովհետև դա նաև մեր աշխարհայացքն է ձևավորում:
2009 թվականից գրեթե ամեն տարի անցկացվող «Բարքեմփի» կազմակերպիչները 13-րդ միջոցառմանը որոշել են առավել մեծ ուշադրություն դարձնել բժշկական տեխնոլոգիաներին ու անձնական տվյալների պաշտպանությանը: «Բարքեմփ 2022»-ը նախորդներից տարբերվում է նաև հյուրերի ու մասնակիցների աշխարհագրությամբ:
Արթուր Պապյան («Բարքեմփ Երևան» միջոցառման կազմակերպչական թիմի անդամ) - Այս «Բարքեմփն» առանձնանում է նրանով, որ մենք ավելի քան 12 հրավիրված հյուրեր ունենք՝ արտասահմանցիներ, նաև բավական մեծ թիվ են կազմում գրանցված ռուսաստանցիները կամ, ամեն դեպքում՝ ոչ հայկական ազգանունով քաղաքացիները:
Հայաստանում Ամերիկյան համալսարանում ընթացող երկօրյա միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան լսելու իրենց հետաքրքրող թեմաներով դասախոսությունները, մասնակցել աշխատաժողովների և ծանոթանալ Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների գործունեությանը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան