Եվրահանձնաժողովն առաջարկել է հաջորդ շաբաթ Ուկրաինային ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալ։ Այդ մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։
Նշվում է, որ ԵՀ առաջարկությունները պետք է քննարկվեն և համաձայնեցվեն Եվրահանձնակատարների կոլեգիայի հետ: Դրանք կուղեկցվեն օրենքի գերակայության և հակակոռուպցիոն օրենսդրության հետ կապված պայմաններով։ Միաժամանակ, մինչև Ուկրաինային պաշտոնապես ԵՄ անդամակցության կարգավիճակ տրամադրելը, ԵՀ հանձնարարականը պետք է հաստատվի ԵՄ անդամ երկրների կողմից։
Երկու եվրոպական երկրներ՝ Նիդերլանդները և Դանիան, արդեն դեմ են արտահայտվել Ուկրաինային Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն։
Նրանք պատճառաբանել են, որ Կիևը պատշաճ կերպով չի կատարում ժողովրդավարական ինստիտուտների կայունության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների, փոքրամասնությունների հարգանքի ու պաշտպանության հետ կապված չափանիշները։ Ամստերդամն ու Կոպենհագենը հայտարարել են, որ այս ոլորտներում առաջընթաց գրանցելու համար Ուկրաինան պետք է «հիմնովին բարելավի օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակը»:
Գերմանիան էլ որպես փոխզիջում առաջարկել է Ուկրաինային տալ ԵՄ անդամակցության պայմանական թեկնածուի կարգավիճակ։