Մայիսի 23-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղեկալներ Վաչե Տերտերյանը, Քրիստինե Ղալեչյանը, Արմեն Սիմոնյանը և Հակոբ Վարդանյանը հանդիպել են Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպման նպատակն էր քննարկել Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվող հեռանկարային ծրագրերը 2023-2025 թվականների համար:
Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին՝ շեշտելով հանդիպման և համակարգված աշխատանքի կարևորությունը: Տերտերյանը անդրադարձ է կատարել Հայաստանում դպրոցաշինության և մանկապարտեզաշինության աճի տեմպերին, դպրոցներում սեյսմիկ իրավիճակի բարելավման նախագծի լրացուցիչ ֆինանսավորման, տարածաշրջանային տարածքային զարգացման ծրագրերին:
Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենը հետաքրքրվել է ճանապարհային նախագծերից: Քրիստինե Ղալեչյանը հանգամանալից անդրադարձել է տարածաշրջանային կարևորության ճանապարհներին, դրանց վերակառուցման և վերականգնման ծրագրերին: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ի գործընկերներին մշտապես փոխօգնության և համագործակցության պատրաստակամության համար:
Նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն էլ ներկայացրել է երկաթուղային ոլորտում զարգացման առաջնահերթ ուղությունները, արձանագրել որոշ խնդիրներ, որոնք կարիք ունեն ավելի մանրամասն քննարկման:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև մասնավոր հատվածի ներդրումների խրախուսման, էներգետիկայի, ջրամատակարարման և այլ կարևոր հարցեր: