365 մասնակից, 2 տարբեր տարիքային խումբ. Հայաստանի վարչապետի գավաթի սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարն այսօր անցկացվեց Շողակաթ-Սևանա լճի թերակղզի 40 կմ երկարությամբ ճանապարհահատվածում: 40 կիլոմետրը առաջատարները հիմնականում հաղթահարեցին 1 ժամում: Բոլոր տարիքային խմբերում առաջինից քսաներորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին դրամական մրցանակներով, առաջին եռյակում հայտնվածները՝ մեդալներով, հավաստագրերով, իսկ առաջատարը` նաև գավաթով:
Մրցանակաբաշխության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ՝ շնորհավորեց Հանրապետության օրվա առթիվ, նշեց՝ «Վարչապետի գավաթ» մրցաշարը ի սկզբանե պլանավորել են անցկացնել պետականության համար կարևոր նշանակություն ունեցող օրերին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ես ուզում եմ իսկապես շնորհավորել բոլորիս, որովհետև այս մրցաշարերը կայանում են, և ամեն տարի մենք տեսնում ենք, որ մի փոքր ավելի մասնակիցներ ունենք: Շարունակելու ենք բոլոր մրցաշարերը, դրանք լինելու են ավանդական, մրցանակային հիմնադրամը առնվազն չի պակասելու: Պիտի հույս ունենանք՝ սա պիտի նպաստի, որ մեր երկրում ավելի շատ մարդիկ զբաղվեն սպորտով, առողջ ապրելակերպը դառնա կենսակերպ, և մեծ հաշվով կարողանանք նաև մասսայականացնել սպորտը: Նաև պիտի հույս ունենանք, որ սա պիտի նպաստի՝ ոչ միայն մրցաշարերի առիթով մարդիկ հեծանիվ վարեն, այլև առօրյա կյանքում: Ժամանակակից աշխարհում՝ ընդհանրապես, խցանումների պայմաններում՝ մասնավորապես, հեծանիվը, իհարկե, կարող է հետաքրքիր, օգտակար, առողջարար այլընտրանք լինել: Մեր նպատակներից մեկը հենց դա է՝ խթանել առողջ ապրելակերպը, խթանել ֆիզկուլտուրան, խթանել սպորտը:
Առաջին տեղը գրաված մասնակիցները ստացան 1 մլն, 2-րդ տեղը՝ 600, 3-րդը՝ 400 հազար դրամ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը հայտարարեց՝ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ սիրողական մասսայական մրցաշարի ժամանակ անցկացվել է դոպինգ ստուգում:
Կարեն Գիլոյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Սա Հայաստանի հակադոպինգային գործակալության նախաձեռնությամբ էր, նրանք առաջարկեցին անվճար, իրենց միջոցների հաշվին ստուգել մի քանի մասնակցի, որպեսզի դոպինգից զերծ պահենք նաև սիրողական սպորտը, մասսայական մրցաշարերը: Շատ եմ ուզում հավատալ, որ դոպինգ ստուգումը բացասական արդյունք կտա, դրական արդյունք չի լինի, և մենք իսկապես կկարողանանք հայտարարել, որ մեր սիրողական սպորտը նույնպես զերծ է խթանիչներից և ստերեոիդներից:
Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը ևս մասնակիցների շարքերում էր, դիվանագետը 40 կմ ճանապարհ անցավ հեծանվով: Սա դեսպանի արդեն երկրորդ մասնակցությունն էր այս միջոցառմանը:
Նիկո Սխերմերս (ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան) - Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս հիանալի նախաձեռնության համար, ինչպես պարոն վարչապետը համոզվեց 2 շաբաթ առաջ Նիդերլանդներում, հեծանիվները կարող են փոխարինել մեքենաներին: Հուսով եմ՝ Հայաստանում շուտով կտեսնենք ավելի շատ հեծանիվներ, և ուզում եմ վստահեցնել՝ Նիդերլանդների դեսպանատունը պատրաստ է աջակցել Հայաստանին այս գործընթացում:
18-ից 40 տարեկանների խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Պավել Ստեփանյանը, Աբովյանից է, վստահ էր՝ հաղթելու է. 8 տարի առաջ Պավելը պրոֆեսիոնալ հեծանվասպորտով է զբաղվել:
Պավել Ստեփանյան (Սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթող) - Մարզումներ էին եղել, էդ մարզումներին էի մասնակցել, միանշանակ սպասում էի հաղթանակին: Նախորդ տարի 4-րդ հորիզոնականն էի գրավել առողջական խնդիրների ու ոչ լուրջ մոտենալու արդյունքում:
Ծրագրավորող Ռուզաննային մայրաքաղաքում հաճախ կարելի է հեծանիվով տեսնել: Բացահայտում է իր հաղթանակի գաղտնիքը՝ մասնակցելուց առաջ լուրջ է մոտեցել, շատ մարզվել. նախորդ տարի Ռուզաննան 2-րդն էր:
Ռուզաննա Հովասափյան (Սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթող) - Շատ լավ է կազմակերպված, էս տարի թերությունները, անցած տարվա համեմատ, բոլորը ուղղվել էին կարելի է ասել:
Ամեն ինչ անել, որ մրցաշարերի մասին տեղեկությունը հասանելի դառնա բոլոր հնարավոր մասնակիցներին. վարչապետ Փաշինյանի հորդորն է կազմակերպիչներին:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան