Մայիսի 15-ին՝ Ընտանիքի օրվա առթիվ, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում մասնակցեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՎԻՆՆԵԹ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը։ Այդ մասին ասված է ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջում։
«Պաշտպանը նաև ներկա գտնվեց «Ուժեղ ենք միասին» սպորտլանդիային, որին մասնակցում էին տարբեր մարզերից ժամանած ընտանիքներ։
Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանի հետ համատեղ այց կատարեց նաև Աչաջուր համայնքի միջնակարգ դպրոց և մանկապարտեզ։
Պաշտպանը ծանոթացավ կրթական հաստատությունների խնդիրներին, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվեցին համագործակցության նոր հնարավորությունները»,- նշված է գրառման մեջ։