2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքից զրկված անձինք, որոնց զրկման ժամկետը լրացել է մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, այսինքն՝ մինչև այսօր, սկսած այսօրվանից՝ հուլիսի 6-ից, 1 տարվա ընթացքում կարող են դիմել հաշվառման-քննական ստորաբաժանում և վերականգնել իրենց վարելու իրավունքը կրկին նույն պայմանով, այսինքն՝ վճարելով 50 հազար դրամ և ստանալով 1 տարվա կտրվածքով 6 տուգանային միավորով փորձաշրջանի ժամկետ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը:
«Վարելու իրավունքը վերականգնելու համար անձինք պետք է հերթագրվեն ՆԳՆ կայքի համապատասխան մասում՝ ընտրելով «Զրկված վարորդական վկայականի վերականգնում՝ առանց քննությունների» կոճակը, որը ստեղծված է հատուկ այս նպատակով, ընտրեն իրենց համար նախընտրելի ստորաբաժանում՝ ներկայացնելու համար օր ու ժամ և տվյալ օրը ու ժամին գալ ստորաբաժանում՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և պետական տուրքի վճարման անդորրագիր, որը 50 հազար դրամ է: Հաշվեհամարը, որին պետք է վճարել 50 հազար դրամի անդորրագիրը, 900005003810 է»,- ասաց նա:
Տուրքի գումարը հնարավոր է վճարել ստորաբաժանումներում առկա վճարման միջոցներով: Այն անձինք, որոնց վարորդական վկայականների ժամկետներն արդեն իսկ լրացած են, այսինքն՝ չեն կարող իրենց հին վարորդական վկայականը հետ ստանալ, նրանք, բացի 50 հազար դրամ պետական տուրքից, պետք է վճարեն նաև վարորդական վկայական ստանալու համար նախատեսված պետական տուրքը, որը պլաստիկ քարտի տեսքով վկայականի համար 12 հազար դրամ է, իսկ թվային վարորդական վկայականի համար՝ 6000 դրամ:
«Այն անձինք, ում վարորդական վկայականները դեռևս ժամկետի մեջ են, այսինքն՝ գործող են և կարող են հենց նույն վարորդական վկայականները հետ ստանալ տվյալ ստորաբաժանումից, ապա հավելյալ տուրք վճարելու անհրաժեշտություն չի առաջանա, հետ կստանան իրենց վարորդական վկայականները»,- ասաց նա:
Արման Չիլինգարյանը նաև տեղեկացրեց, որ խոսքը մոտ 18 հազար վարորդական իրավունքից զրկվածների մասին է: