Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը նշում է կազմավորման 24-ամյակը: Մասնագիտական տոնը շնորհավորելու էր եկել հանրապետության վարչապետը: Կառավարության որոշմամբ՝ 9 տարի առաջ մայիսի 5-ը պաշտոնապես հռչակվեց հարկադիր կատարողի օր: Միջոցառումը նշանավորվեց նորանշանակ աշխատակիցների երդմամբ:
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը արդարադատության գործադիր մարմինն է, վարչապետը դա համարում է կառույցի հիմնական առաքելությունը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Երբ որ վերցնում է կամ, ի սկզբանե պետք է այդպես լինի, վերցնում է արդարությունը վերականգնելու համար, և ըստ էության` տալիս է նրանց, ով ապօրինի զրկվել է, և երկրորդը՝ շատ կարևոր է մի այսպիսի քաղաքակրթական նրբություն, որը շատ դժվարությամբ, բայց ձեր ծառայությունն է ի կատար ածում. յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ իր արարքները, պահվածքը, ապրելու ոճը բերում են հետևանքներ, մենք այդ հետևանքների հետ հարաբերությունները պարզելիս է, որ պետք է ձևակերպենք հանրային հարաբերությունները, որին ձգտում ենք:
ԴԱՀԿ ճիշտ աշխատանքը վարչապետ Փաշինյանը կարևոր է համարում ոչ միայն դատաիրավական, այլև հենց քաղաքակրթական տեսանկյունից: Ըստ նրա` ծառայության իմիջը բարելավվում է, մեծ է քաղաքացիների ընկալումը՝ ծառայությունը մարդու, անհատների, կազմակերպությունների օրինական շահերի պաշտպանության կարևոր գործիք է:
Նիկոլ Փաշինյան - Շատ տհաճ է, երբ երթևեկության կանոնների տուգանքներ են ի հայտ գալիս, կամ ամենատարբեր տուգանքներ են ի հայտ գալիս, բայց դրանից մեր ուղերձը պետք է լինի հետևյալը, որ արդյունքում մենք պետք է կարողանանք շտկել, կարգավորել մեր առօրյա կյանքը, սովորույթները, կարգավորությունը` այնպես, որ ճիշտ բալանս գտնենք հանրային և անձնական շահի միջև: Շատ կարևոր է, որ մենք ամեն ինչ անենք, որ ՀՀ-ում դատական ակտերը լինեն մաքսիմալ վստահելի, որ ծառայության շուրջ մթնոլորտը գնալով դրական դառնա:
ԴԱՀԿ ծառայության 2021-ի գործունեության արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 600 մլն դրամ:
Արդարադատության նախարարը ներկայացրեց թվեր, որոնք, ըստ նրա, ցույց են տալիս ոլորտում բարեփոխումների արդյունքը: 2021-ին արձանագրվել է 11 տոկոս կատարողական: Անդրեասյանի խոսքով՝ քայլեր են արվում նաև ծառայության աշխատակիցների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ:
Կարեն Անդրեասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Սա նշանակում է` 10 մլրդ դրամով ավելացել է գումարը, որը գանձվել է, ինչը նշանակում է բազմաթիվ վերականգնված իրավունքներ: Շարունակում ենք իրագործել օրենսդրական փոփոխություններ, որոնց օրինակ է տեխզննումների ընթացակարգում փոփոխությունը, 710 հետախուզվող մեքենա չի անցել տեխզննում, ինչը նշանակել է` 102 մեքենայի հետ կապված պարտավորությունը մարվել է:
Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի խոսքով՝ 2021-ին ընթացք է տրվել մոտ 2 մլն 600 հազար վարույթի, որը 2020-ի համեմատ ավելի է մոտ 1 միլիոնով, բռնագանձվել է ավելի քան 41 մլրդ դրամ՝ 10 մլրդ-ով ավելի նախորդ տարվա ցուցանիշից: Վերջին 5 տարում առաջին անգամ գանձվել է ավելի շատ կատարողական ծախս, քան ծախսվել է բյուջեից:
Սերգեյ Մեղրյան (ՀՀ գլխավոր հարկադիր կատարող) - Ծառայությունը դարձել է բաց, թափանցիկ, հաշվետվողական: Իրականացվել են օրենսդրական բարեփոխումներ: Ծառայության համալիր ռազմավարական ուղղություններից մեկը՝ մատչելի էլեկտրոնային ծառայությունների միջավայրի ձևավորումը, իրականություն է:
Մասնագիտական օրվա առթիվ ծառայության մի խումբ աշխատակիցներ արժանացան վարչապետի և ծառայության պարգևների: