Համացանցում այսօր տեսանյութ տարածվեց, թե ինչպես է ուսուցիչը դասի ժամանակ գրքով հարվածում աշակերտին: Կրթական գերատեսչությունը, խստորեն դատապարտելով հակամանկավարժական այս դրսևորումը, հայտնեց, որ բռնության դեպքը տեղի է ունեցել Սպանդարյանի անվան դպրոցում: Ուսուցիչը ստացել է խիստ նկատողություն:
Միջադեպը տեղի է ունեցել Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան համար 24 դպրոցի 8-րդ դասարաններից մեկում՝ անգլերենի դասաժամին:
Քրիստինե Մելումյան (ծնող) - Դասարանի սեղանները ձևափոխած են եղել, մտել է ուսուցչուհին ներս, բարկացել է, որ ինչու է էսպես, երեխաս նստած է եղել, ասել է՝ վեր կաց ռադդ քաշիր, հետևը գնա նստիր:
Մոր խոսքով` սա առաջին դեպքը չէ, որ ուսուցիչը վիրավորել ու հարվածել է որդուն: Եկել է, խոսել են, հարթվել է: Պարզապես այս անգամ դեպքը հանրային հնչեղություն ստացավ: Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի, տեսանյութը՝ տարածվել օրեր անց: Մայրն ասում է՝ դպրոց չէր եկել, որոշել էր հեռախոսով պարզաբանել խնդիրը: Բայց տեսանյութը հրապարակվելուց հետո ռուսերենի ուսուցչուհու վարքն է ստիպել գալ:
Քրիստինե Մելումյան - Բոլորի հեռախոսները հավաքել է և իմ երեխային վերջում ասել է՝ ուռոդ: Այսինքն՝ փաստը ուզում են կորցնեն, հեռախոսները հավաքեն, նոր վիրավորեն:
Ընդգծում է՝ մյուս ուսուցիչներից դժգոհություն չունի: Ավելին, փոքր երեխային ևս պատրաստվում է այս կրթական հաստատություն ուղարկել, բայց կարծում է՝ տվյալ դեպքում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Քրիստինե Մելումյան - Որ հասկանան՝ երեխան էստեղ ծաղրի առարկա չէ: Իմ երեխան 8-րդ դասարանի երեխա է, ինձնից էլ բոյով, բայց դասընկերների մոտ նվաստացած էր զգացել:
Անդրադառնալով պնդումներին, թե նա անկարգ է ու միտումնավոր բարկացնում է ուսուցիչներին, պատասխանեց. «Որ ասեմ՝ անկարգ է, դասատուին ինչ-որ հրի կամ հարվածի կամ վատ բառեր օգտագործի, դա մեր ընտանիքի դաստիարակությունը չէ, նման բան չենք դաստիարակում, էդպես է: Այսինքն` երեխան երբ որ աշխույժ է, դա նշանակում է անշնո՞րհք է: Ոչ»:
Դպրոցի տնօրենը հրաժարվեց կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով՝ չունի քաղաքապետարանի թույլտվությունը: Ուսուցիչն էլ դպրոցում չէր: Միջադեպը դատապարտել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Մարդու իրավունքների պաշտպանը.
«ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտում է հակամանկավարժական դրսևորումներն ուսումնական գործընթացում և հետամուտ է լինելու ուսումնական հաստատություններում բռնությունից զերծ կրթական միջավայրի ձևավորմանը»:
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյան.
«Այսօր Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնության դեպքը խիստ դատապարտելի է, և որևէ կերպ չի կարող համատեղելի լինել մանկավարժի վարքագծի հետ։ Անհրաժեշտ են նաև համակարգային միջոցառումներ երեխայի իրավունքների թեմաներով մասնագիտական պատրաստումը խթանելու և երեխայակենտրոն ու երեխայազգայուն մոտեցումները կրթության կազմակերպման գործելակերպերում ամրապնդելու համար»։
Ավելի ուշ, արձագանքել է նաև Երևանի քաղաքապետարանը՝ հայտնելով, որ դպրոցի տնօրենի հրամանով ուսուցչի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն:
Հեղինակ` Աննա Զախարյան