Այս օրերին Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների պատասխանատուները օդերևութաբանների կանխատեսումներով առավել հաճախ են հետաքրքրվում: Մոտ 25 օր է՝ մայրաքաղաքի բոլոր հատվածներում բարեկարգման՝ հատկապես ասֆալտի քայքայված շերտի քերման ու ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկել:
Սասուն Հովհաննիսյան (Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կոմունալ բաժնի առաջատար մասնագետ) - Եղանակները շատ են խանգարում, բայց հուսով եմ՝ ժամկետից չենք ուշանա: Ժամկետը մինչև սեպտեմբեր է, բայց մեր աշխատանքները կավարտենք, հուսով եմ, շուտ:
Անձրևից առաջ և անմիջապես հետո աշխատանքի են անցնում, մեկ տասնյակից ավելի փողոցի բարեկարգում արդեն ամբողջությամբ ավարտել են: Ընթացքի մեջ է բնակելի շենքերի, դպրոցների բակային ասֆալտապատումը: Եթե եղանակն անձրևային չլիներ, ավելին կանեին՝ ասում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի պատասխանատուն: Մայրաքաղաքի այս և մյուս համայնքներում դուրս եկած ասֆալտի քերուկով զուգահեռաբար վարչական շրջաններում բարեկարգում են նաև գրունտային փողոցները:
Էդիկ Շաքարյան (Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ) - Ունենք նաև հողային, այսպես ասած, գրունտային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ. ամեն տարի, մոտավորապես, բյուջեի հնարավորության սահմաններում 10-12 հազար քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներ ենք իրականացնում: Արդեն Շենգավիթ համայնքում մեկ փողոց արել ենք, այժմ նախապատրաստվում ենք անել Մալաթիա համայնքում:
2022-ի ծրագրով շուրջ 1.9 միլիարդ դրամի՝ 330 հազար քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանք է նախատեսված՝ ասում է քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալը:
Էդիկ Շաքարյան - Բացի դրանից՝ մենք ունենք նաև ճաքալցման աշխատանքներ՝ մոտավորապես 350 հազար գծամետր: Ասֆալտի մակերեսի վրա առաջացած ճաքերը ներարկում ենք բիտումապոլիմերային մածիկով:
Երևանի վարչական շրջանները, ռելիեֆով պայմանավորված, իրրնց գրունտային առանձնահատկություններն ունեն: Օրինակ՝ Էրեբունիում ընդերքի ջրերն են բարձր, գրունտն էլ կավային է, պրոբլեմատիկ են համարվում Զեյթունն ու Ավանը, աշխատանքները կատարվում են յուրաքանչյուրին բնորոշ շինարարական չափորոշիչներով: Կենտրոնում, օրինակ, աշխատանքները հիմնականում իրականացվում են գիշերային ժամերին: