Ընդդիմադիրների հանրահավաքի մասնակից որոշ քաղաքացիների մասին տվյալները, որոնց նպատակը Արցախի պաշտպանությունն է, պետք է փոխանցել Զինված ուժերին: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահը: Ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը նմանատիպ կոչով Քոչարյանը դեռ երեկ էր հանդես եկել՝ նշելով, որ նրանց կարելի է պաշտպանական խնդիրների լուծման գործում ներգրավել:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Լավ երիտասարդներ ունենք, որոնք իրոք ուզում են Արցախը պաշտպանել, իրենց տվյալները կփոխանցի ոստիկանությունը: Երեկ այստեղ ինձ մոտեցավ Սեյրան Օհանյանը և ասեց, որ մոբռեսուրս այստեղ էլ պետք է փնտրել, և ես ասեցի՝ ամեն տեղ է պետք փնտրել:
Աշխատանքային քննարկմանը ներկա ոստիկանապետի տեղակալը տեղեկացրեց, որ բերման ենթարկվածների տվյալները նույնականացված են և կփոխանցվեն Պաշտպանության նախարարությանը:
Արթուր Մարտիրոսյան (ՀՀ ոստիկանության պետի տեղակալ) - Կպարզվի՝ այդ անձինք զորահավաքային տարիքի են թե ոչ, և կփորձեն զորակոչել: Արդեն իսկ կան խուսափող անձինք, որոնց վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր քննչական մարմնում: Մեր գործընկերներին կխնդրենք նրանց տվյալները մեզ փոխանցել, որպեսզի մենք որոնողական օպերատիվ աշխատանքներ իրականացնելով՝ փորձենք հայտնաբերել տվյալ անձանց և ներկայացնել վարույթն իրականացնող մարմիններին:
Ամբողջ պահեստազորը պետք է եռամսյա վարժանքներին ներգրավվի։ Գործընթացը սկսվել է 44-օրյա պատերազմից հետո և շարունակական է լինելու՝ նշեց ՊՆ զորակոչի և զորահավաքային ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը:
Արմեն Ավթանդիլյան (ՀՀ ՊՆ զորակոչի և զորահավաքային ծառայության պետ) - 44-օրյա պատերազմից հետո զինկոմիսարիատները առաջին անգամ եռմասյա վարժանքներ են անցկացնում, արդեն երկրորդը, այս պահին երրորդը ընթացքի մեջ ա:
Ասեմ, որ մտավախությունը, որ խուսափողներ կան՝ ունենք, ունեցել ենք թվաքանակ, բոլորի վերաբերյալ տվյալներն ուղարկված են քննչական մարմին: Եթե նրանք հիմա այլ գործերով են զբաղված, վերադարձնենք շարք:
Մյուս եռամսյա հավաքը նախատեսվում է օգոստոսից: Եռամսյա, 10-օրյա և 7-օրյա հավաքներին մասնակցելու է ոչ միայն զորամասերին կցագրված անձնակազմը, այլև զորահավաքային տարիքի բոլոր քաղաքացիները՝ շեշտեց Ավթանդիլյանը:
Արմեն Ավթանդիլյան - Չկա ամիս, որ չունենանք 7-օրյա, 10-օրյա հավաքներ, ու որպես զինվորական նշեմ, որ հարցը չքաղաքականացնել: Բանակից այլ, այլ պատճառով ազատվածների հետ կապված ասեմ, որ զինկոմիսարիատը հրաժարվել է արդեն 2 տարի, Առողջապահության նախարարության մասնագետներն են դա հաստատում:
Առաջիկա քննարկմանը նաև Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ կլինեն, նրանց դերը ևս կարևոր է՝ նշեց Անդրանիկ Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյան - Բժիշկներն էլ պետք է իմանան, որ եթե 1 հոգու ապօրինի ազատում են, մենք մի տեղ բաց ենք ունենում, ու առանձնատները, որոնք կառուցում են, ամեն մի քարի մեջ մի զինվորի ճակատագիր ա, ու այդ քարերն էլ հանուն զինվորների հետ պետք է բերենք:
Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ աշխատանքային քննարկման մասին տեղեկացված եղել են նաև հանձնաժողովի անդամ ընդդիմադիր գործընկերները:
Անդրանիկ Քոչարյան - Շատ լավ կլիներ, որ մասնակցեին, անվտանգության հարցում մեր ու ձեր փնտրելը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ: Ես ակնկալում էի, որ երեկ եկել էին, էս քննարկմանը շատ կարևոր էր իրենց մասնակցությունը, որ չասեին՝ մեզ հետապնդում եք, մենք բերման ենթարկվածների մեջ քաղաքացիների ենք ուզում տեսնել, որ բանակի հարցում իր մասնակցությունը պետք է ունենա, եթե քաղաքական ձևակերպումը Արցախի և Հայաստանի պաշտպանությունն է:
Առաջիկայում նաև փակ աշխատանքային քննարկում կկազմակերպվի՝ պաշտպանական հարցերի մասին ավելի բաց խոսելու համար:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան