Ավարտական փուլում է «Ոռոգման համակարգերի արդիականացման» ընդհանուր ծրագիրը, որում կառավարությունն ու Եվրասիական զարգացման բանկը 50 միլիոն դոլար են ներդրել: Ծրագրով 105 համայնքում արդիականացվում է ոռոգման համակարգը:
Անդրանիկ Մեջլումյան (Արագյուղի վարչական ղեկավար) - Մարդիկ չէին կարողանում զբաղվել գյուղատնտեսությամբ, որը մեր գյուղի գյուղացիների համար թիվ 1 եկամտի աղբյուրն է:
Խոսքն արագյուղցիների մասին է: Գյուղատնտեսությամբ չզբաղվելու պատճառը ոռոգման ջրի պակասն էր:
Անդրանիկ Մեջլումյան - Գյուղի բուն տարածքը կազմում է 153 հա: Գործող ջրագիծը բավականին մեծ տրամագիծ ունի, բայց տարիների ընթացքում գյուղի տնամերձ հողատարածքները գյուղացիները սկսել են մշակել, տնտեսությունները բավականին աճել են, այդ իսկ պատճառով գործող գիծը չէր բավականացնում:
Տարածքային զարգացման հիմնադրամը գյուղում Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրով ներտնտեսային նոր ցանց է կառուցում:
Սուրեն Ավետիսյան (աշխղեկ) - Ջրագիծը նախատեսված է Արագյուղի տնամերձերի ոռոգման սիստեմը բարելավելու համար: Այսինքն՝ մինչև հիմա գոյություն ունեցող, Խորհրդային տարիներին կառուցված ջրագիծը չէր հերիքում, մենք լրացուցիչ ջուր ենք բերում 315մմ տրամագիծ ունեցող խողովակով, որ պոմպակայանը բավարարի գյուղի բոլոր պահանջներին:
Նախորդ տարվա աշնանը մեկնարկած աշխատանքները ավարտական փուլ են հասել:
Սուրեն Ավետիսյան - Ընդհանուր գիծը 1340մ է, որից 1200-ը արդեն պատրաստ է, մի շաբաթից կավարտեն գործը:
Ավարտական փուլում է «Ոռոգման համակարգերի արդիականացման» ընդհանուր ծրագիրը, որով Կառավարությունն ու Եվրասիական զարգացման բանկը 50 միլիոն դոլար են ներդրել:
Կարեն Դադոյան (Տարածքային զարգացման հիմնադրամի Ջրային տնտեսության ԾԻԳ մասնաճյուղի տեխնիկական վերահսկողության խմբի ղեկավար) - ՀՀ շուրջ 105 համայնքում իրականացվել ու իրականացվում են ներտնտեսային ցանցի ոռոգման աշխատանքներ: Այսօրվա դրությամբ` արդեն 105-ից 97-ում աշխատանքներն ավարտվել են, համակարգերը շահագործվւմ են` սկսած ապրիլի մեկից:
Մնացած 8 համայնքում, աշխատանքները շարունակվում են և կավարտվեն մինչև հուլիսի 1-ը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի 7 մարզում, ինչպես նաև Երևանում, շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը:
Կարեն Դադոյան - Արդյունքում այդ բաղադրիչով մենք կվերականգնենք 265.9կմ ներտնտեսային ցանց, որով կբարելավվի այդ ցանցերի շահագործումը, և կորուստները կհասնեն նվազագույնի:
Իրականացվող աշխատանքների շնորհիվ Հայաստանում՝ տարեկան կխնայվի 11.8 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, շահագործման ծախսերը կկրճատվեն տարեկան 300 միլիոն դրամով: Ակնկալում են, որ 10.5 հազար հեկտարով կավելանա ոռոգվող հողատարածքը, 8 պոմպակայան շահագործումից դուրս կգա, կվերականգնվի 64.2 կիլոմետր ջրանցք:
Կարեն Դադոյան - Ներտնտեսային համակարգն ամբողջ հանրապետությունում 14.5 հազար կմ է: Տարբեր ծրագրերով՝ սկսած 2000-ականներից, ընդհանուր վերականգնվել է մոտ 1000-1200կմ, դա մոտ 10 տոկոսն էլ չի կազմում:
Այս պահին դեռ հստակ հաշվարկ չկա, թե մնացյալ 90 տոկոսը վերականգնելու համար որքան ժամանակ և ռեսուրս է հարկավոր: Սակայն Դադոյանը նշում է՝ մաշված համակարգը վերականգնելու համար ֆինանսական լուրջ միջոցներ են հարկավոր: