ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի, Կնյազ Հասանովի և Հասմիկ Հակոբյանի հեղինակած «Կրթության մասին» օրենքում լրացումների նպատակն է կարգավորել լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման կարգը, որպեսզի պայմաններ ստեղծվեն՝ ճանաչելու համար քաղաքացիների ստացած ոչ ֆորմալ ու ինֆորմալ կրթությունը:
Օրենքի նախագծով հնարավոր կլինի կարգավորել օրենսդրական ճգնաժամը, ամրապնդել լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման գործընթացները, ինչպես նաև առավել արդյունավետ իրականացնել ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման, ճանաչման ու վկայագրման ոլորտում ներդրված պետական քաղաքականությունը, ապահովել ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը:
Դրույթներից մեկով սահմանվում է «ուսուցման ազգային ռեեստր» հասկացությունը, որը լրացուցիչ կրթական ծրագրերի և դասընթացների, ուսուցում իրականացնողների, դասընթացներին մասնակցած, գնահատված և վկայագրված, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրերի, դասընթացների ընթացքի մոնիտորինգ իրականացնող, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքները գնահատող անձանց տվյալների ազգային շտեմարան է:
Սահմանվում է, որ ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումը և ճանաչումը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից անձի կարողությունների և որոշակի համեմատելի չափանիշների համապատասխանության փաստը հավաստելու գործընթաց է:
Հիմնական զեկուցող, մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է բովանդակային, խմբագրական և տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են: Որոշակի հոդվածների առնչությամբ գործադիրն առաջարկել է դրանց ուժի մեջ մտնելու ժամկետները սահմանել 2023 թ. և 2024 թ., որպեսզի համապատասխան մարմիններին հնարավորություն տրվի կազմակերպել և կյանքի կոչել բարեփոխման ամբողջ գործընթացը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, կարևորելով օրենսդրական նախաձեռնությունը, առաջարկել է նախագծի մի շարք հոդվածներում առկա «ուսուցում» բառը փոխարինել «ուսումնառություն» բառով: Նա նաև տեղեկացրել է, որ Կառավարության ծրագրով առաջիկայում նախատեսվում է հիմնովին բարեփոխել կրթական ոլորտը: Կմշակվի Կրթական օրենսգիրք:
Հանձնաժողովականները քննարկման արդյունքում դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին:
Հարցը քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 29-ի նիստում: