Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և ՌԴ դատական կարգադրիչների ծառայության տնօրեն Դմիտրի Արիստովի կողմից ստորագրվել է «ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՌԴ դատական կարգադրիչների դաշնային ծառայության միջև համագործակցության ծրագիրը»:
Ծրագրի շրջանակներում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել 2022-2023 թթ. իրականացնել մի շարք փոխադարձ այցեր, այդ թվում՝
դատական կարգադրիչների դաշնային ծառայության պատվիրակության այց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ դատական ակտերի հարկադիր կատարման աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվիրակության մասնակցություն՝ հարկադիր կատարման հարցերով առաջին միջազգային ֆորումին:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն անդրադարձել է նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ առավելապես ընդգծելով թվային տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել ձեռնարկել քայլեր իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, որը կնպաստի նաև Հարկադիր կատարման ծառայության բարեփոխմանը: