Երևանի Չեխովի անվան դպրոցում արդեն 3-րդ անգամ տնօրեն չընտրվեց: Թափուր պաշտոնի համար առաջադրվել էր 4 թեկնածու, մեկն այսօր ինքնաբացարկ հայտնեց: Մրցույթն ուղեկցվում էր ծնողների ու աշակերտների բողոքի ցույցով, որոնք կողմ են փոխտնօրեն Տաթևիկ Մելքոնյանի, դեմ` Դիանա Մինասյանի թեկնածությանը:
Դպրոցի տնօրենին ընտրում է 9 հոգուց կազմված խորհուրդը, որի 2-ական անդամներ մանկավարժական ու ծնողական խորհուրդներից են, 4-ը՝ քաղաքապետարանից, 1-ը՝ կրթական գերատեսչությունից: Դիանա Մինասյանը և Տաթևիկ Մելքոնյանը ստացել են 4-ական ձայն, Անժելա Կարապետյանը՝ 1 ձայն: Ընտրվելու համար 6 քվե է հարկավոր:
Դպրոցի երկարամյա տնօրեն Գայանե Սարուխանյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել նրա տեղակալ Տաթևիկ Մելքոնյանը: Երկու անգամ մրցույթում թեկնածուների չընտրվելուց հետո քաղաքապետարանը պաշտոնակատար էր նշանակել Դիանա Մինասյանին, ինչին հաջորդել էր ծնողների, աշակերտների ու ուսուցիչների բողոքի ցույցը քաղաքապետարանի մոտ:
Դիանա Մինասյան (Երևանի Չեխովի անվան դպրոցի տնօրենի պաշտոնակատար) - Ես ունեմ ավելի քան 10 տարվա գիտամանկավարժական գործունեության ստաժ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու եմ, դասախոսել եմ արտերկրում, հանրակրթական ուսումնական հաստատությունում, ինչպես նաև աշխատել եմ այստեղ` միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում, այսինքն` բավարարում են բոլոր անհրաժեշտ պայմաններին:
Ակցիայի մասնակիցները նաև պնդում են, որ Մինասյանը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հովանավորյալն է:
Նա ասում է` սպասվող հերթական մրցույթին ևս մտադիր է մասնակցել, իսկ որ աշակերտական ու ծնողական համայնքը դեմ է իրեն, որոշումը փոխելու պատճառ չէ: Համարում է՝ բողոքի ալիքը իրեն ու իր գործելաոճին ծանոթ չլինելու հետևանքով է, ժամանակի ընթացքում խնդիրները կհարթվեն:
Դիանա Մինասյան - Մենք միասին խաղաղ, հանգիստ մթնոլորտում աշխատում ենք, նույնը՝ աշակերտների հետ, տարբեր դասարաններ եմ այցելել: Այցելել եմ մոտ 20 դասարան, այս կարճ ժամանակամիջոցում շփվել եմ երեխաների հետ, լսել եմ նրանց տեսակետը՝ բարելավելու, կրթության որակը առավել արդիական դարձնելու հետ կապված, և արդեն ինձ մոտ գրի եմ առել նրանց կարծիքները` այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու համար:
Տաթևիկ Մելքոնյանը, որին տնօրենի պաշտոնում ցանկանում են տեսնել բողոքի ցույցի մասնակիցները, հրաժարվեց մեզ հետ զրուցել:
Հեղինակ` Աննա Զախարյան