Գործադիրը լրացում և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով հաստատվել են ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթներն իրականացնող հանրային ծառայությունների միասնական գրասենյակների և քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների ցանկը և դրանց նստավայրերը:
Ներկայումս նախատեսված են 10 բժշկական կազմակերպություններ, որոնց կողմից իրականացվում են ծննդյան քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթներ: Փոփոխություններով նախատեսվում է ընդլայնել ցանկը՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության կողմից գործունեության թույլտվություն ստացած բժշկական այլ կազմակերպությունների, ինչպես նաև բժշկական կազմակերպություններին վերապահել նաև մահվան քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթներ։ Բժշկական կազմակերպությունների իրավասու աշխատակիցները, շնորհիվ ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարությունների համապատասխան էլեկտրոնային համակարգերի համակցման, օպերատիվ կերպով կընդունեն միայն ծննդյան և մահվան գրանցման դիմումները, կմուտքագրեն դրանք և ՔԿԱԳ գործակալության կողմից դրանք ուսումնասիրելուց և հաստատելուց հետո էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային փոստով և (կամ) թղթային եղանակով կտրամադրեն հասցեատերերին։ Արդյունքում կշարունակվի բազմազանեցվել և ապակենտրոնացվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոնների՝ front office-ների համակարգը, ինչպես նաև առողջապահական համակարգն օպերատիվ կերպով կներգրավվի իր անմիջական իրավասության հետ կապված քաղաքացիական կացության ակտերի՝ ծննդյան և մահվան իրավական ձևակերպման աշխատանքներին՝ դյուրացնելով պետական վարչարարությունը, բարձրացնելով քաղաքացիներին մատուցվող ՔԿԱԳ ծառայությունների արդյունավետությունը և հեշտացնելով հայցվող փաստաթղթերի ստացման գործընթացը:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավում, մասնավորապես «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը կապահովվի օդափոխության համակարգով և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանի մասնաշենքը ներքին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերով, ինչպես նաև կիրականացվեն սանհանգույցների հիմնանորոգման աշխատանքներ։
Գործադիրը սահմանել է քննչական գործողության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, տեխնիկական միջոցների օգտագործման կարգը: Կառավարությունը հաստատել է նաև գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացքում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը: Ցանկում ընդգրկված են այն հատուկ տեխնիկական միջոցները, որոնք անհրաժեշտ են ներքին դիտում, արտաքին դիտում, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկում, թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում, ֆինանսական գործարքների վերահսկում և կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում գաղտնի քննչական գործողություններն իրականացնելու համար: