Եթե գյուղական բնակավայրերի երիտասարդներն ունեն հոբբի կամ սիրելի զբաղմունք, ապա դա բիզնեսի կարող են վերածել «Ես կարող եմ» ծրագրի աջակցությամբ:
Արման Վալեսյան (ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար) - «Ես կարող եմ»-ը այն ծրագիրն է, որն ասում է` դու կարող ես, մենք քեզ հետ ենք: Մենք պատրաստ ենք աջակցել 1-ից 100-ը, ֆինանսավորել քո գաղափարը, սովորեցնել, կրթել, ճանապարհ ցույց տալ, քեզ էլ օգնել, որ այդ ամեն ինչը շուկայում ներկայացնես:
Նախագիծը երկար ուսումնասիրությունների արդյունքում է ծնվել՝ ասում է Արման Վալեսյանը: Առայժմ կաջակցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ապրող 18-30 տարեկան երիտասարդներին։ Նպատակասլաց երիտասարդներ կան, մնում է նրանց գտնել ու ոտքի կանգնեցնել՝ վստահ է «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավարը: Պարտադիր չէ, որ գաղափարը լինի հենց գյուղատնտեսության ոլորտում:
Արման Վալեսյան - Մենք չենք ուզում միայն գյուղատնտեսություն: Մենք բացել ենք, ասում ենք` ոչ մի սահմանափակում չկա, կարող ես ժամացույց սարքել` ժամացույցի համար դիմի, կարող ես ակնոց սարքել` ակնոցի համար դիմի:
Ընտրված գաղափարների հեղինակների համար նախ կկազմակերպեն դասընթացներ՝ համակարգչային գիտելիքներից մինչև բիզնես: Ապա կկազմվի բիզնես ծրագիր:
«Բարդ բան չկա»,- ասում է Արման Վալեսյանը:
Արման Վալեսյան - Եկեք հասկանանք, որ այդ բիզնես պլանը այն կորպորատիվ հաստ բիզնես պլանը չի, դա էն ծրագիրն է, որին դու հավատում ես, ու այն քայլերն են, որ դու պետք է անես, որպեսզի քո նպատակը իրականացնես, և մենք պատրաստ ենք մինչև 10 հազար դոլարի համաֆինանսավորում անել:
Գեղարքունիքի և Վայոց ձորի հետաքրքիր գաղափարներով երիտասարդներին հորդորում են մինչև ապրիլի 18-ը դիմել «Կայուն համայնքներ» ֆեյսբուքյան էջին: Հետագայում նախատեսում են «Ես կարող եմ» նախագիծը կյանքի կոչել բոլոր մարզերում: