ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Շվեդական միջազգային զարգացման գործակալության (SIDA) պատվիրակությանը՝ Էրիկ Վաֆագարդի գլխավորությամբ:
Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ՏԿԵ նախարարության և Շվեդական միջազգային զարգացման գործակալության միջև առկա արդյունավետ համագործակցության կարևորությունը։
Շվեդական միջազգային զարգացման գործակալությունում ծրագրի ղեկավար Էրիկ Վաֆագարդը խոսել է Հայաստանում ՏԻՄ համակարգի զարգացման անհրաժեշտության մասին՝ կարևորելով ոչ միայն տեխնիկական, այլև գաղափարական և հնարավոր այլ ոլորտներով աջակցությունը:
Վաչե Տերտերյանը ներկայացրել է կատարված բարեփոխումները՝ հավելելով, որ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու և շարունակելու համար անհրաժեշտ են ապակենտրոնացման կոնկրետ լիազորությունների նկարագրություն, որևէ հարթակի ստեղծում, փորձի փոխանակում, կատարված աշխատանքների և եղած ռեսուրսների գույքագրում:
Հանդիպման ժամանակ քննարկել են զարգացման գործակալության և պետության կողմից համայնքներին տրամադրվելիք աջակցության, կարևոր նշանակություն ունեցող այլ հարցեր և պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակման շրջանակներում ուսումնասիրել Շվեդիայի ՏԻՄ համակարգի կառուցվածքը՝ հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները: