Քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահի աշխատասենյակի պատի պաստառին մայրաքաղաքի համայնապատկերն է, որի վրա ցույց է տալիս, թե ինչ խնդիրներ է լուծելու Երևանի փոքր կենտրոնի մասին օրենքը: Նախագծի մշակման աշխատանքը նախաձեռնել են տարիներ առաջ, այն արդեն անցել է գերատեսչական քննարկումների առաջին փուլը:
Նունե Պետրոսյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ) - Դրանք այն տարածքներն են, որտեղ մենք կարիք ունենք շատ խիստ ռեգլամենտների, այսինքն՝ պայմանակարգերի առաջադրման: Օրենքի ընդունումը կունենան կառուցապատման կանոնակարգման հզոր լծակ, որ հնարավոր լինի խնդիրները համապատասխան փաստաթղթերում, կարողանան դրանց իրականացումը վերահսկել:
Պայմանակարգերը, ըստ Պետրոսյանի, ոչ միայն արգելք են ենթադրում, այլև առավելություններ: Երևանի փոքր կենտրոնի տարածքը, ըստ նախագծի, բաժանվել է ազգային, քաղաքային կարևորության և լանդշաֆտային ենթագոտիների: Կսահմանվեն կառուցապատման հստակ կանոններ:
Նունե Պետրոսյան - Երևանի պատմահենակետային հատակագծի մշակման աշխատանքներն են, որոնք կկատարվեն Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման շրջանակում: Նախագծային սկզբունքների հիման վրա կառանձնացվեն հուշարձան շենքերը, դրանց շուրջ կառանձնացվեն այն գոտիները, որոնք պետք է զերծ լինեն որևէ տիպի կառուցապատումից:
Օրենքը կամրագրի՝ Երևանի փոքր կենտրոնի ազգային նշանակության, եզակի կառույցների, այդ թվում՝ Հանրապետության հրապարակի վարչական շենքերի ճակատային կամ այլ հատվածները փոփոխության ենթակա չեն: Ազգային կարևորության օբյեկտների վրա անհրաժեշտության դեպքում աշխատանքներ կարվեն լիազոր մարմնի հատուկ թույլտվությամբ:
Նունե Պետրոսյան - Դա ամբողջական համալիր է, առանձին կառույցներ չենք դիտարկում, որ մեկը անաղարտ ենք թողնում, մյուսի կողքն ավելացնում ենք, խաթարում է միջավայրը, որ բացառվեն նման միջամտությունները, որ տանիք, ջրհորդան նորոգելիս չկորցնեն բնօրինակային, հորինվածքային լուծումները: Օրենքը կարգելի:
Կդիտարկվեն բոլոր խնդիրները՝ շենքերի հարկայնությունից մինչև կանաչ գոտիների ավելացում: Մայրաքաղաքի փոքր կենտրոնի երթևեկությունը բեռնաթափելու համար հնարավոր է՝ որոշ հատվածներում սահմանափակվի ավտոմեքենաների մուտքը: Դրանց մեծ հոսքy, ըստ Պետրոսյանի, ազդում է բնապահպանության ու նաև շենքերի վիճակի վրա:
Նունե Պետրոսյան - Ի սկզբանե նախատեսված չեն եղել ավտոմոբիլիզացման էսքան բարձր մակարդակի համար: Խուսափելու համար հիմնական մայրուղային փողոցների, Մաշտոցի, Սայաթ-Նովայի, հանգույցների, մուտքը դեպի փոքր կենտրոնի համար սահմանափակված կլինեն: Հանրային տրանսպորտի, շտապօգնության մուտքը, իհարկե, չի կարող արգելվել: Հատման կետերում կունենանք հանգուցային կետեր:
Օրինագծի վերաբերյալ գործընկեր գերատեսչությունների առաջարկներն ու դիտարկումները ամփոփել են: Նախագիծը կանցնի հանրային քննարկում, հուսով են՝ կընդունվի մինչև տարեվերջ: