Ուկրաինական կողմի հետ հանդիպումը այլ վայր տեղափոխելու և հետաձգելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում է ռուսական պատվիրակությունը: Նա ընդգծել է, որ հանդիպումը տեղի կունենա Բրեստի մարզում:
Ռուսաստանը հիմքեր ունի ենթադրելու, որ ուկրաինական կողմը միտումնավոր ձգձգում է բանակցությունների մեկնարկը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ Կրեմլում հույս ունեն, որ Ուկրաինայի պատվիրակությունն «այսօր կհասնի բանակցությունների վայր»։ Ավելի վաղ Մեդինսկին հայտնել էր, որ Բելովեժյան թավուտի ընտրությունը՝ որպես Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների վայր, եղել է փոխադարձ պայմանավորվածությամբ:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն էլ լուսանկար է հրապարակել և հայտնել, որ իրենք արդեն ուղղաթիռներով ճանապարհին են։
ՌԴ-Ն ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ. ԼԱՎՐՈՎ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի լուծումը կգտնվի բանակցային ճանապարհով: Ռուսաստանի գլխավոր դիվանագետի խոսքով՝ Մոսկվայի պայմանները նվազագույնն են, և դրանք չի կարելի որակել որպես կապիտուլյացիայի պահանջ: Ըստ նրա՝ ՌԴ հիմնական պահանջներն են՝ Ղրիմի ճանաչումը որպես ՌԴ մաս, ԴԺՀ և ԼԺՀ ճանաչումը Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմաններում, ապառազմականացում, որի պարամետրերը պետք է համաձայնեցվեն, ինչպես նաև ապազգայնականացում՝ նախկինում Գերմանիայի օրինակով։
«Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Ուկրաինայի տարածքից իր երկրի նկատմամբ անմիջական հարձակման վտանգ լինի»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ Մոսկվան կշարունակի Ուկրաինայում հատուկ գործողությունը:
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿ ՄԱՐԻՈՒՊՈԼՈՒՄ
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հումանիտար աղետ է հասունանում Կիևում, Մարիուպոլում, Խարկովում և Սումիում։ Ռուսաստանի պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը նշել է, որ հումանիտար իրավիճակն առավել բարդ է կես միլիոն բնակիչ ունեցող Մարիուպոլում: Զինվորականի խոսքով՝ ուկրաինական ազգայնական կազմավորումները խոչընդոտում են բնակչության տարհանումն այդ քաղաքներից: Պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերը սահմանում են «լռության ռեժիմ»՝ այդ բնակավայրերից մարդասիրական միջանցքներով քաղաքացիական անձանց տարհանման համար:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ-Ն ԱՆՑՆՈՒՄ Է ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ ՌԵԺԻՄԻ
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ պաշտպանական ռեժիմից անցնում են հակահարձակման: Նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականն էլ հայտարարել է, որ իրենք ոչ միայն պաշտպանվում են, այլև գրոհում: Ալեքսեյ Արեստովիչի խոսքով՝ Խարկովի մարզում ռուսական կողմը փորձում է շարունակել հարձակումն արևմուտքից, սակայն կորուստներ է կրել։ «Գիշերը հակառակորդը օդային հարվածներ է հասցրել Կիևի, Խարկովի, Ժիտոմիրի վրա»,- հայտարարել է Արեստովիչը՝ մեկնաբանելով, որ ռազմական տեսանկյունից նման մարտավարությունն իմաստ չունի։ «Դա պարզապես խաղաղ բնակիչներին վախեցնելու համար է»,- նշել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը:
ԿԱՅԱՑԵԼ Է ՄԱԿՐՈՆ-ՊՈՒՏԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, ապա՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Մակրոնի հեռախոսազրույցը Պուտինի հետ տևել է 1,5 ժամ:
ԵՄ-Ն ՔԱՅԼԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԻ, ԵԹԵ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏԹԱՐԱՆԱ
Եվրամիությունը լրացուցիչ քայլեր կձեռնարկի Ռուսաստանի դեմ, եթե Ուկրաինայում իրավիճակը վատթարանա` հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Մենք պետք է անկախանանք ռուսական գազից, նավթից և ածխից: Այս գործում առաջ գնալու մեր վճռականությունն ավելի ուժեղ է, քան երբևէ»,- հավելել է Եվրահանձնաժողովի նախագահը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիմել է Եվրահանձնաժողովին՝ ԵՄ-ին Ուկրաինային անդամակցության խնդրանքով, սակայն նախ պետք է ավարտել պատերազմը՝ նշել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նա չի պատասխանել լրագրողների ուղիղ հարցին, թե որքան կարող է տևել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացը, և արդյոք ԵՄ-ն պատրա՞ստ է աջակցելու Մոլդովայից և Վրաստանից ԵՄ-ին միանալու դիմումներին։