Մարտի 2-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան փողոցում տեղակայված մաքսային տերմինալի տարածքում աշխատակիցներից մեկը ոչ սթափ վիճակում վիճել է մաքսային տերմինալի անվտանգության աշխատակիցների հետ։ Այդ ընթացքում խփել է նրանցից մեկին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Վնասել է նաև տերմինալի տարածքում կայանված մեքենաներից մեկը։
Տուժած տղամարդը տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղից ժամը 20.05-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «աջ սրունքի ոսկրերի փակ կոտրվածք, դեմքի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 73-ամյա մի տղամարդու։
Տեղեկությունը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, այդ թվում՝ փորձաքրեագիտական վարչությունից։ Մաքսային տերմինալի անվտանգության աշխատակիցների հետ վիճած 32-ամյա տղամարդու ձեռքին Ֆ-1 տիպի նռնակ կար՝ բերված մարտական վիճակի։
Իրավապահների մեկ ժամ տևած հմուտ ու զգուշավոր աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ կանխել ողբերգությունը։ Բանակցության շնորհիվ 32-ամյա տղամարդը նռնակը նետել է տարածքից դուրս։ Նռնակը պայթել է անվտանգ վայրում՝ չվնասելով ո՛չ անձանց, ո՛չ որևէ գույք:
Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին ու ձերբակալվել:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։