Կառավարությունը հաստատել է նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը և նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագիրը:
Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի և Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի պահանջներից:
Հիմնավորման համաձայն՝ հասարակական շենք-շինությունների պարագայում՝ խնդրի լուծումը համարվում է ավելի իրատեսական, երբ դրանց մի մասը հանդիսանում է պետական սեփականություն, մյուսը՝ համայնքային, իսկ առանձին դեպքերում նաև՝ մասնավոր՝ անհատին պատկանող:
Ըստ այդմ՝ առաջարկվում է մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների, այդ թվում՝ պատմության և մշակույթի հուշարձան համարվող շենքերի համար մշակել միջոցառումների ծրագիր՝ վերջիններս անհրաժեշտ նախագծային (կոնստրուկտիվ) լուծումներով համալրելու և բնակչության համար մատչելի դարձնելու նպատակով: