ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը մարտի 3-ը պատմական օր է համարում՝ կարևորելով, որ Սահմանադրության երաշխավորին ընտրեցին թափանցիկ ընտրությունների արդյունքում ձևավորված օրենսդիր մարմնի ներկայացուցիչները:
Նրա խոսքով՝ նախագահի լեգիտիմությունը որոշվում է ոչ թե այս կամ այն ընդդիմադիր ուժի հայտարարությամբ, այլ ՀՀ Սահմանադրությամբ:
Իսկ Հանրապետության հինգերորդ նախագահի ընտրության գործընթացին չմասնակցած ընդդիմությունն այս պահին բացառում է նոր նախագահի հետ հետագա գործակցությունը:
«Այն հրապարակումները, կարծիքները, ակտերը, որոնցով փորձ է արվում որևէ շղարշ գցել լեգիտիմության առումով, ցանկանում եմ ասել, որ ժողովրդի ներկայացրած, նրա ձայնը ստացած ԱԺ ուժերն են ընտրում նախագահ, և դրանով իսկ ապահովված է այսօրվա գործընթացի ամբողջ լեգիտիմությունը: Քաղաքական ուժերն իրավունք ունեն մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին, իմ ասելիքն այն է, որ ժողովրդի կողմից ընտրված ԱԺ պատգամավորներն են, որ մասնակցում են կամ իրենց ընտրությամբ չեն մասնակցում ընտրություններին»,- ասաց Արշակյանը:
Հեղինակ՝ Անի Օհանյան