Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական խմբերը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս ամենօրյա ռեժիմով շարունակում են իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ՝ ռազմամթերքից ու զինամթերքի չպայթած մնացորդներից մաքրելով հանրապետության տարածքը:
Արցախից հայտնաբերված, կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի ոչնչացման աշխատանքներն այսօր կիրականացվեն բոլոր շրջաններում. Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ, Մարտունու շրջանի Մաճկալաշեն և Սպիտակաշեն, Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքների և Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներում:
«Հիշեցնենք, որ սակրավորների հետևողական աշխատանքի շնորհիվ պատերազմից հետո քաղաքացիական բնակչության շրջանում նախորդ տարի ականային պայթյունի միայն մեկ դեպք է արձանագրվել: Բարեբախտաբար, զոհեր ու այլ տուժածներ չունենք:
Ականազերծման և նախատեսվող պայթյունների վերաբերյալ ժամանակին իրազեկումը ծառայության կարևոր մասն է կազմում, ուստի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, համագործակցելով «Ղարաբաղ տելոկոմ» ընկերության հետ, կշարունակի իրազեկման գործընթացը SMS հաղորդագրությունների միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ: