30 տարի առաջ այս օրը՝ մարտի 3-ին, նորանկախ Հայաստանի առաջին նախագահի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
«Այդ նշանակալի օրվանից ի վեր հիմնադրամը գործել է ի նպաստ Հայաստանի և Արցախի բարօրության՝ իրականացնելով ավելի քան 1500 ծրագիր՝ առողջապահական, կրթական, ենթակառուցվածքների վերականգնման, բնակարանաշինության, համայնքների զարգացման և մի շարք այլ ոլորտներում:
Վերջին 3 տասնամյակների ընթացքում աշխարհի բոլոր անկյուններից 1,5 միլիոն նվիրատու ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլար ներդրում է կատարել Հայաստանում և Արցախում իրականացվող կարևորագույն ծրագրերում՝ սատարելով ավելի քան 800000 շահառուի:
Ողջ աշխարհի մեր գործընկերներն ու կամավորները, համախմբելով իրենց ռեսուրսներն ու ջանքերը, անասելի աջակցություն են ցուցաբերել հիմնադրամի ծավալած գործունեությանը: Շատերը հիմնադրամի կողքին են առաջին օրվանից, և այսօր մենք նշում ենք նրանց 3 տասնամյակի նվիրումը:
Շնորհակալություն ենք հայտնում ձեզնից յուրաքանչյուրին՝ Հայաստանի, Արցախի ու համայն սփյուռքի ժողովրդին այդչափ նվիրվելու ու աջակցելու համար:
30 տարի առաջ սկսվեց «Հայաստան» հիմնադրամի մեծածավալ գործունեության երկար ճանապարհը, սակայն այն դեռ երկար է ընթանալու: Մենք կարող ենք և պետք է համախմբվենք ու այն անցնենք միասնաբար»,- նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում: