ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով, որը հարուցվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, բացահայտվել է ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու ևս մեկ դեպք:
Մասնավորապես, 57-ամյա տղամարդու կողմից իր երկու որդիների և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով տարբեր տեսակի ատրճանակներ և ինքնաձիգներ, ինչպես նաև դրանք համալրող դետալներ պատրաստելու և նորոգելու, դրանք փոխադրելու և իրացնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում 2022 թ. փետրվարի 2-ին Երևանի 59-ամյա բնակչի տանն իրականացվել է խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի կերպով ձեռք բերված՝ ակոսափող հրազեն հանդիսացող, 7,62 մմ տրամաչափի «ՏՏ» մոդելի ատրճանակ՝ իր 2 փամփշտատուփերով:
Հիշյալ դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է առանձին վարույթում:
Նշված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` 59-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, դրան համալրող դետալներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր պատրաստելը կամ նորոգելը):
Նախաքննությունը շարունակվում է: