Հայաստանում սկսել են արտադրել ձկան կեր, և արդեն լրացնում են ներքին շուկայի պահանջարկի 40 տոկոսը: Տեղական արտադրանքը պահանջված է նաև Ռուսաստանի, Ղրղզստանի շուկայում, և ընկերությունն արդեն ունի արտահանման պայմանագրեր: Գործարանն արտադրում է նաև համակցված անասնակեր, որն իր որակով չի զիջում եվրոպականին:
Արմեն Համբարձումյան, Manana Fish ընկերության լաբորատորիայի վարիչ - Հիմնական կոմպոնենտներն են՝ ձկան ալյուր, ձկան յուղ, բուսական ձեթ, ցորեն:
Բացի նշվածից՝ ձկան կերի բաղադիչների մեջ ներառված են նաև վիտամիններ: Այս փոքրիկ հատիկները ստանում են մոտ 60 բաղադրիչի խառնուրդից: Հայաստանում արտադրված ձկան կերն արդեն արտահանվում է Ռուսաստան և Ղրղզստան: Ընկերության մասնագետներին հրավիրել են Ուզբեկստան, Հայաստանում արտադրված ձկան կերը փորձարկել են, ներմուծման նոր պայմանագիր են ցանկանում կնքել:
Ձկան կերի հայկական արտադրանքի որակը եվրոպականից չի տարբերվում: Եղվարդի համակցված կերերի գործարանում ձկան կեր արտադրելու որոշումը 2017-ից էին դեռ կայացրել: Հայաստանում ձկնաբուծությունը տարեցտարի զարգանում էր, սակայն հիմնական հումքը՝ կերը, ներկրվում էր: 2021-ին Հայաստան է ներկրվել ավելի քան 15 հազար տոննա ձկան կեր: Սակայն եթե նույնիսկ ներկրում էլ չլինի, ընկերությունում վստահ են՝ ներքին պահանջարկը կարող են բավարարել: Հիմա լրացնում են ներքին շուկայի պահանջարկի 40 տոկոսը:
Միքայել Տերտերյան, Manana Fish ընկերության գործադիր տնօրեն - Ամսական հնարավորություն ունի արտադրելու 3000 տոննա ձկան կեր: Մենք տարեկան արտադրում ենք 14 հազար տոննա կեր, որի մի մասն իրացնում ենք արտերկրում, մի մասը՝ տեղական շուկայում:
Այստեղ արտադրվում է նաև համակցված անասնակեր բոլոր ընտանի կենդանիների համար՝ նույնիսկ շինշիլայի: Շուտով կգործարկեն նաև շան ու կատվի համար նախատեսված կերի արտադրությունը: Հավաստիացնում են՝ այն ևս որակապես չի զիջի ներկրված կերատեսակներին: