2020 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերով ևս 2 մեղադրյալի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Նրանցից մեկը Ռոբերտ Քոչարյանի աջակից, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Նարեկ Մանթաշյանն է: Նա մեղադրվում է անկարգությունները կազմակերպելու և հափշտակության համար, կալանավորված է ու մեղադրանքը չի ընդունում: Հիշեցնեմ, Երևանում հարձակվեցին Ազգային ժողովի, Կառավարության շենքերի վրա, երբ հայտնի դարձավ եռակողմ հայտարարության ստորագրման մասին: Ազգային ժողովի մոտակայքում մահափորձ իրականացվեց այն ժամանակ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի դեմ։
Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ Նարեկ Մանթաշյանը, գտնվելով Կառավարության շենքում, ուղիղ եթերում աշխատող լրատվամիջոցներով կեղծ տեղեկություններ է հայտնել, թե իբր պաշտոնատար անձինք փորձում են հեռանալ երկրից, ապա կոչ է արել փակել «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը, կառավարական կեցավայրը և պաշտոնատար անձանց նկատմամբ բռնի գործողություններով թույլ չտալ վերջիններին լքել երկիրը: Դրանից հետո Մանթաշյանն անձամբ ուղևորվել է «Զվարթնոց» օդանավակայան` որպես կազմակերպիչ վերահսկելու: Արդյունքում, Կառավարության շենքում զանգվածային անկարգություններին մասնակցող անձինք, այդ թվում՝ գործով մյուս մեղադրյալը, որի տվյալները չեն նշվում, Մանթաշյանի հետ շարժվել են դեպի «Զվարթնոց» օդանավակայան։ Այստեղ վնասել են օդանավակայանի մուտքի դուռն ու պատուհանը, ապօրինի մուտք են գործել հատուկ պատվիրակությունների ճանապարհման և դիմավորման սրահ, կոտրել են պարսպի ճաղավանդակի ամրակները, մտել թռիչքուղի, ապա փորձել մոտենալ միջազգային չվերթ իրականացնող և շարժման մեջ գտնվող օդանավին ու դադարեցնել շարժը, ապօրինի խուզարկել՝ խաթարելով օդանավակայանի բնականոն գործունեությունը, իրական վտանգ ստեղծելով այլ անձանց կյանքի և առողջության համար:
Բացի այդ, Նարեկ Մանթաշյանի կազմակերպած անկարգությունների մասնակիցներից ավելի քան 50 հոգի Կառավարության շենքից շարժվել են կառավարական կեցավայր, վնասելով բացել մուտքի դարպասները, ներխուժել վարչապետի առանձնատուն՝ ոչնչացնելով ու վնասելով այնտեղ գտնվող գույքը, հափշտակել տարբեր իրեր:
Ձեռք բերված տվյալների համաձայն՝ Նարեկ Մանթաշյանը, Կառավարության շենքի երրորդ հարկի միջանցքից հափշտակել է Հայաստանի դրոշը:
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ այս մեծածավալ քրեական գործով ընդհանուր առմամբ 29 անձի նկատմամբ 10 քրեական գործ անջատվել և ուղարկվել է դատախազին՝ գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան