Ամենևին փաստ չէ, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան։ Այդ մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն, որ մենք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորում, ամենևին փաստ չէ, որ կպսակվի սահմանադրական փոփոխություններով։ Հարց կարող է ծագել, թե այդ դեպքում ինչու ենք ստեղծում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով: Եթե շատ պարզ ասեմ՝ մենք խնդիր ունենք 4 տարվա գործունեությունից հետո, այսպես ասած, աուդիտի ենթարկել մեր գործող Սահմանադրությունը և տեսնել, թե ինչ լավարկման տեղեր և հնարավորություններ կան, կամ Սահմանադրության աուդիտի բերումով, գուցե, օրենսդրության մեջ փոփոխություններ լինեն»,- ասաց վարչապետը։
Որպես օրինակ նա նշեց, որ, ըստ Սահմանադրության, Հանրապետության նախագահի հրաժարականն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, բայց ԱԺ կանոնակարգ օրենքում գրված է, որ յոթօրյա ժամկետում նախագահը կարող է հետ վերցնել այն:
«Այստեղ շատ լուրջ հակասություններ կան. եթե հակասում են օրենքն ու Սահմանադրությունը, կարելի է օրենքի մեջ փոփոխություն մտցնել, բայց նախ՝ Սահմանադրությունն աուդիտի ենթարկենք, տեսնենք, թե ինչ այս կարգի խնդիրներ կան, և ի վերջո որոշենք՝ գնո՞ւմ ենք այդ փոփոխություններին, թե՞ չենք գնում։ Կտեսնենք՝ աուդիտի արդյունք ինչ նյութ կստացվի, որից հետո արդեն քաղաքական որոշումներ կայացնելու ժամանակը կգա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։