ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին հարց ուղղեց «Մամիկոն Ասլանյան» դաշինքը գլխավորող՝ արդեն շուրջ մեկ ամիս կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանի՝ քաղաքի ավագանու առաջին նիստին մասնակցության մասին:
Նախարարը նշեց, որ բազմաթիվ տեղերում ընտրվել են ոչ իշխանական ուժը ներկայացնող համայնքապետեր. ավելին՝ եղել են համայնքներ, որտեղ ՔՊ-ի թեկնածուն ունեցել է ավելի քան 40 տոկոս ձայն, բայց անցել է այլ կուսակցության ներկայացուցիչ:
«Չկա այստեղ որևէ միտում կամ ուղղորդում, կամ որևէ տեսակի քաղաքական միջամտություն: Ինչ վերաբերում է Ձեր հարցի իրավական կողմին, օրենսդրությունը չի նախատեսում սահմանադրական այդ իրավունքի իրացումն այն դեպքերում, երբ անձը գտնվում է կալանքի տակ. կան կոնկրետ թույլտվության մեխանիզմներ, թե կալանքի տակ գտնվող անձը երբ իրավունք ունի լքել ՔԿՀ-ը: Մենք եթե հիմա որևէ կալանավորի թույլ տանք որևէ համայնքային ընտրության նպատակով բացակայել ՔԿՀ-ից, դա ուղղակի անթույլատրելի է նախարարության իմաստով:
Ինչ վերաբերում է դատական գործերին, ես թույլ չեմ տա մեկնաբանել, որովհետև ցանկացած խոսք, որ ես կարող եմ ասել այդ գործին առնչվող, կարող է մեկնաբանվել որպես գործադիր իշխանության միջամտություն կոնկրետ գործով կոնկրետ ընթացող դատավարության վրա»,- ասաց Կարեն Անդրեասյանը: