Պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Հրաչյա Հակոբյանի, Էմմա Պալյանի և Հռիփսիմե Հունանյանի հեղինակած ««Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է հունվարի 19-ի նիստում:
Հիմնական զեկուցող Նարեկ Զեյնալյանի ներկայացմամբ՝ գործող օրենքի համաձայն՝ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննություններ անցկացնելու համար նախատեսվում է լիցենզիայի առկայություն: Նախանշված են բացառություններ Առողջապահության և Արդարադատության նախարարությունների ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման համար: Նարեկ Զեյնալյանը նշել է, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությունը դուրս է մնացել նշված բացառությունների ցանկից:
Առաջարկվում է Արդարադատության և Առողջապահության նախարարությունների ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ները հանել բացառությունների ցանկից` թողնելով միայն Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը, քանի որ այն վերահսկող մարմին է:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հարակից զեկուցող, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էմմա Պալյանը և կոչ արել կողմ քվեարկել:
Կառավարության ներկայացուցիչ՝ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ նախագիծը քննարկվել է Կառավարությունում, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ և ստացել է դրական եզրակացություն: