Ղազախստանից և Ռուսաստանի Օրենբուրգի մարզից խոշոր և մանր եղջերավոր կենդանիների և դրանցից ստացված մթերքի ներմուծումը Հայաստան ժամանակավորապես կարգելվի: Պատճառը այդ վայրերում արձանագրված դաբաղ հիվանդության դեպքերն են: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սահմանափակումը կիրառել է՝ հաշվի առնելով Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության հայտարարությունը: Հայաստանում այդ վարակի վերջին դեպքը հայտնաբերվել է 2016 թվականին:
Նարեկ Հայրապետյան, ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ - Դաբաղ հիվանդությունը համարվում է ամենամեծ տնտեսական վնաս պատճառող հիվանդություններից մեկը, այդ ժամանակվանից մի շարք երկրներ և հատկապես ՌԴ-ն մտցրին մեր երկրի նկատմամբ սահմանափակումներ:
Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը վստահ է՝ կիրառվող սահմանափակումը Հայաստանի շուկայի վրա մեծ ազդեցություն չի ունենա: Ընդգծում է՝ արգելքը վերաբերում է ոչ թե ամբողջ երկրին, այլ կոնկրետ հիվանդության բռնկման օջախին: Ըստ ՍԱՏՄ տվյալների՝ 2021 թ. հունվարի 1-ից մինչև 2022 թ. հունվարի 17-ը Ղազախստանից Հայաստան է ներմուծվել 476 տոննա խոզի սառեցված միս: Ռուսաստանից նույն ժամանակահատվածում ներմուծվել է 125 տոննա տավարի միս և 90 խոշոր եղջերավոր կենդանի:
Նարեկ Հայրապետյան - Հրամանը կգործի այնքան ժամանակ, մինչև նույն՝ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կայքէջում չի հրապարակվի, որ այդ նահանգներում այդ հիվանդությունը վերացել է, և, ընդհանրապես, վտանգ չկա:
Մեկ այլ սահմանափակում էլ կկիրառվի Լեհաստանի և Չեխիայի համար: Պատճառը թռչնագրիպն է:
Նարեկ Հայրապետյան - Ունենք ինֆորմացիա, որ Լեհաստանի Ներքին Սիլեզյան վոևոդությունում և Չեխիայի Ուստեցկի երկրամասում կան թռչունների բարձր ախտածին գրիպի բռնկումներ, և կայացրինք որոշում՝ սահմանափակելով այդ երկրների նշված նահանգներից թռչունների և թռչնամսի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
2021 թ. հունվարի 1-ից մինչև 2022 թ. հունվարի 17-ը Լեհաստանից Հայաստան է ներմուծվել 110 160 հատ հավի ինկուբացիոն ձու: Չեխիայից նույն ժամանակահատվածում կենդանի թռչուն և թռչնամթերք չի ներմուծվել: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձանագրում է՝ Հայաստանում թռչնագրիպի վերջին դեպքը հայտնաբերվել է ավելի քան 10 տարի առաջ: Իրավիճակը վերահսկողության տակ պահելուն նպաստել են նաև հենց նման ներմուծման սահմանափակումները:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան