Ազգային ժողովը քննարկում է ««Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծը:
«Առաջարկվում է 2 հիմնական բարեփոխում: Մեկը Վճռաբեկ դատարանում ստեղծվող նոր պալատն է, որի արդյունքում քաղաքացիական և վարչական միասնական պալատի փոխարեն կգործեն 2 առանձին պալատներ: Մյուսը դատավորների թեկնածուների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման նոր ճկուն մեխանիզմների ներդրումն է»,- ասաց արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:
Փոխնախարարի խոսքով՝ վարչական պալատի առանձնացումը կապահովի վարչական գործերի առավել մասնագիտացված քննություն, նաև վարչական արդարադատության իրականացման համար ավելի բարձր արդյունավետություն:
Խոսելով միջազգային փորձի մասին՝ փոխնախարարը նշեց, որ, օրինակ, ՌԴ-ում, Վրաստանում, Լատվիայում Վճռաբեկ դատարանների կազմերում գործում են առանձին վարչական պալատներ:
Նախագծի համաձայն՝ քաղաքացիական պալատը կգործի 7 դատավորի թվակազմով, վարչական պալատը՝ 5 դատավորի թվակազմով: