Երկիր մոլորակին է մոտենում շուրջ 1 կմ տրամագծով աստղակերպ: Եթե դիտել եք ամերիկյան «Մի նայեք վերև» ֆիլմը և անհանգստանում եք, ապա խուճապի մատնվել պետք չէ: Ֆիլմի սցենարը չի կրկնվի, աստղակերպը Երկրին չի բախվելու: Մեր մոլորակին մոտեցող աստղակերպը կթռչի 2 միլիոն կիլոմետր հեռավորության վրա:
Արեգ Միքայելյան, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն - Լուսինը երկրից հեռու է 384 հազար կմ միջինում, այսինքն՝ 5 անգամ ավելի հեռու, քան Լուսինն է երկրից: Դա բավական մեծ հեռավորություն է համարվում: Ավելի վտանգավոր են համարվում, որոնք լուսնի ուղեծրից ավելի մոտ հեռավորության վրա են անցնում՝ 400 հազար կմ-ից ավելի մոտ:
Շուրջ 1.1 կմ տրամագծով աստղակերպը մեծ չի համարվում: Համեմատության համար՝ Երկիր մոլորակի տրամագիծը 12 հազար 800 կմ է, իսկ հայտնաբերված ամենամեծ աստղակերպն ունի 1000 կմ տրամագիծ:
Արեգ Միքայելյան - Ոչ մի վտանգ չկա, 1 կմ աստղակերպը, նույնիսկ, եթե բախվեր երկրին, տեղական բնույթի աղետ կառաջացներ:
Աստղագետը նշում է՝ արդի տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս անգամ շեղել երկրին մոտեցող աստղակերպերի ուղղությունը, իսկ մեր մոլորակի կառուցվածքը, ընդհանրապես, նվազեցնում է ենթադրյալ բախման դեպքում աղետի հավանականությունը:
Արեգ Միքայելյան - Երկրի մակերևույթի 3/4-ը ծովերն ու օվկիանոսներն են, բնականաբար, 1/4 է հավանականությունը, որը ցամաքի վրա կընկնի, ուր մնաց՝ բնակավայրի վրա:
1994 թվականին հայտնաբերված աստղակերպը Երկիր մոլորակի մոտով կթռչի հունվարի 18-ին: Այն անզեն աչքով տեսանելի չի լինի, դրա շարժին հնարավոր կլինի հետևել միայն հատուկ սարքերի միջոցով:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան