Հանրակրթության բնագավառում նոր չափորոշիչների պիլոտային ծրագիր՝ Տավուշի մարզի դպրոցներում: «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ, որն արդեն Ազգային ժողովում է: Պետական բուհերում ու հատկապես Երևանի պետական համալսարանում կառավարման ճգնաժամի հաղթահարում, երբ բուհերն արդեն զբաղված են իրենց բուն գործով: Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում այս աշխատանքներն առանձնացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Վահրամ Դումանյան, ՀՀ ԿԳՄՍ նախարար - Մեր կարևոր ձեռքբերումներից է, իհարկե, ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը: Առաջին՝ մեկ անգամ արվեց, և այսուհետ կարվի, դա շատ լուրջ քայլ է, որովհետև մոտիվացնում է մեր ուսուցիչներին: Իհարկե, այնտեղ կատարելագործելու պահեր ունենք՝ հարցաշարը, կազմակերպման ձևը և այլն:
Չկատարված աշխատանքների մասին խոսելով՝ նախարարն ընդգծեց՝ Հայաստանում կա ավելի քան 60 բուհ՝ պետական ու մասնավոր: Խնդիրները գույքագրել և դաշտը կարգավորել չեն հասցրել նաև այն պատճառով, որ«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրութներ հակասահմանադրական ճանաչվեցին, և օրենքն ուժի մեջ չմտավ:
Վահրամ Դումանյան - Վստահեցնում եմ ձեզ, որ ամբողջ նախարարությունը, փոխնախարարները, բոլորս 24 ժամ ռեժիմով ենք աշխատում, նվիրումով: Փորձում ենք անել մաքսիմալը, բայց ծավալները շատ մեծ են: Փորձում ենք արագացնել, ինչքան որ կարող ենք:
Ինչպե՞ս կարող է կուսակցության առանցքային դեմքերից մեկը, լինելով բուհի հոգաբարձուների խորհրդում, ապահովել բուհի ապաքաղաքականացումը. անդրադառնալով վարչապետի այս թեմայով վերջին հայտարարությանը՝ հետաքրքրվեցին նախարարից: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ինչպես հայտնի է, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է: «Դա հնարավոր է, որևէ խնդիր չկա»,- պատասխանեց Դումանյանը, հավելեց՝ Պապիկյանը նաև այնտեղ է, որ չկրկնվի նախկին փորձը, երբ բուհը, օրինակ, Երիտասարդական հիմնադրամին ամեն տարի ստիպված որոշակի գումար էր փոխանցում:
Միայն ԵՊՀ-ում չէ, որ քաղաքական դեմքեր կան հոգաբարձուների խորհրդում: Պատճառն այն է, որ հակասահմանադրական դրույթներ պարունակող օրենքն ուժի մեջ չի մտել ու մինչև անհրաժեշտը շտկումները, բուհերի հոգաբարձուների խորհուրդները ձևավորվել են նախկին կարգով: Նախարարի խոսքով՝ կառավարությունն ու նախարարությունը ստիպված են եղել 16 պետական բուհում 80 անդամ նշանակել, որ ապահովվի բուհերի բնականոն կառավարումը և հնարավոր լինի ռեկտորներ ընտրել:
Վահրամ Դումանյան - Եվ դուք ինչպե՞ս կարող եք 80 պետական պաշտոնյա ընտրել, որոնք որևիցե կերպ չառնչվեն քաղաքական այդ ոլորտին, պաշտոնին: Ախր այնքան պարզ է այս ամենը, և կառավարությունը չի նահանջել իր իսկ հռչակած սկզբունքից, որ չպիտի լինեն քաղաքական պաշտոն զբաղեցնողներ: Այս օրենքը, երբ որ ընդունվի, ավտոմատ ոչ մի քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, համաձայն օրենքի, չի կարող լինել խորհուրդներում:
Բուհեր ընդունելության ժամանակ հայերենի քննությունը կամընտրական լինելու վերաբերյալ բողոքի ալիքին անդրադառնալով՝ Վահրամ Դումանյանը նախ նկատեց՝ քննական առարկաների ցանկը առաջարկել են բուհերը: Նախարարության պայմանը եղել է միայն այն, որ քննությունները պետք է լինեն երկուսը և յուրաքանչյուր մասնագիտության համար բոլոր բուհերի պահանջները նույնը լինեն:
Եվ հաճախ, ըստ նախարարի, քննության մեջ այնքա՜ն մեծ իմաստ է դրվում: Մինչդեռ ցանկացած առարկայից էլ կարելի է քննություն չհանձնել. ապագայում ոչ միայն հայերենի, այլև, ընդհանրապես, որևէ առարկայի քննություն պետք է չլինի՝ հույս ունի նախարար Դումանյանը: Այսօր դա ֆիլտրման գործիք է, քանի որ մեր դպրոցների ավարտական փաստաթղթերի գնահատականն անվիճելի լինելուց դեռ բավականին հեռու է:
Հեղինակ՝ Աննա Զախարյան