Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության հիման վրա որոշ անձինք պաշտոնի չեն նշանակվել Գլխավոր դատախազությունում և Բարձրագույն դատական խորհրդում: Ամփոփելով 2021 թվականը՝ արձանագրում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները: Անցնող տարվա ընթացքում հայտարարատուների նկատմամբ հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 42 վարույթ:
Նարեկ Համբարձումյան (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ) - 30-ը՝ հայտարարագրերը սահմանված ժամկետում չներկայացնելու հիմքով, 10-ը՝ անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու հիմքով, իսկ 2-ը՝ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտման հիմքով: Հայտարարագրերի վերլուծության արդյունքներից ելնելով՝ 5 նյութ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
Անցնող տարում ընդլայնվել է հանձնաժողովի լիազորությունների շրջանակը: Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն այս հանգամանքը կոռուպցիայի դեմ պայքարում հերթական խթան է համարում:
Հայկուհի Հարությունյան (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ) - Այսուհետ նաև հայտարարագրման ենթակա է անձին փաստացի պատկանող, նրա կողմից տնօրինվող գույքը: Արդեն գործիքակազմի տեսանկյունից հանձնաժողովը հնարավորություն ունի դա օպերատիվ ծառայությանը դիմելու միջոցով ստուգել, և այդ տեսակի դեպքեր հայտնաբերելը կարող են առաջացնել պատասխանատվության տարբեր միջոցներ:
Հանձնաժողովի անդամները 2021 թվականին իրականացրել են մոտ 170 պաշտոնատար անձի գույքային դրության ստուգում:
Արամայիս Փաշինյան (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ) - Տարվա ընթացքում իրականացրել ենք մոտ 170 պաշտոնատար անձանց գույքային դրության ստուգումներ: Այս թիվը ներառում է պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների բոլոր տարիների ներկայացրած ավելի քան 2500 հայտարարագրի ուսումնասիրությունը:
Արամայիս Փաշինյանն ընդգծում է՝ կարևոր է նաև հայտարարատու պաշտոնատար անձանց և հայտարարագրվող տեղեկությունների շրջանակի ընդլայնման փաստը:
Արամայիս Փաշինյան - Եթե նախկինում հայտարարագրման պարտավորություն ունեին 15 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները, այժմ այդպիսի պարտավորություն ունեն տեղակալ, քարտուղար, 15 հազարից ավելիի ավագանու անդամները, դատավորների օգնականները և այլն:
Հայաստանում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանցից այժմ հայտարարատու են 9000-ը, իսկ ընտանիքի անդամների համադրությամբ՝ 35000-ը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան