Ամանորին ընդառաջ՝ ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Առնակ Ավետիսյանը մարզպետարանում այսօր ընդունել է մարզի երկկողմանի ծնողազուրկ երեխաներին և նրանց խնամակալներին:
Առնակ Ավետիսյանը հանդիպման շրջանակում անմիջական զրույց է ունեցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով, առաջադիմությամբ և ապագայի հետ կապված երազանքներով:
«Ինձ համար հետաքրքիր էր լսել այս ամենը և ընդհանուր պատկերացում կազմել ձեր մասին, ապագայի հետ կապված ձեր ծրագրերի մասին և ցանկանալ, որ դուք կարողանաք ձեր աշխատասիրությամբ, լավ ուսմամբ, օրինակելի վարքով, ձեր հարազատների ու շրջապատող անձանց նկատմամբ հարգալից վերաբերմունքով մշտապես ուրախացնել նրանց»,- երեխաներին ուղղված իր խոսքում նշել է մարզպետի խորհրդականը:
Առնակ Ավետիսյանը, շնորհավորելով հանդիպման մասնակիցներին Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ, ցանկացել է, որ նոր տարում իրականություն դառնան նրանց բոլոր սպասումները. «Թող 2022 թվականը ձեզ ուրախանալու բազում առիթներ պարգևի, լցնի ձեր կյանքը սիրով ու ջերմությամբ»:
Նախատոնական ընդունելությանը երեխաների խնամակալները դրամական աջակցություն են ստացել Արմավիրի մարզպետարանի կողմից, իսկ նրանց հոգածության ներքո գտնվողները նվերներ՝ Նորվեգիայի հայ համայնքից: