Ազգային ժողովի քառօրյայի վերջին նիստն էր, ընդդիմադիրների ուշադրության կենտրոնում պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ Սահմանադրական դատարանի հրապարակած որոշումն էր: Բարձր դատարանի որոշմամբ՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը, պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։ ՍԴ դիմել էին «Հայաստան» դաշինիքի պատգամավորները՝ իրենց կալանավորված գործընկերների՝ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի հարցով, որոնք մեղադրվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիք կատարելու համար:
Արամ Վարդևանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Կարող եմ վստահեցնել, որ այս իրավիճակը լուծվելու է, մեր ընկերները լինելու են ազատության մեջ, իսկ այս վարքագծի համար լինելու են հետևանքներ:
Խորհրդարանական ընդդիմությունը ևս մի նորություն ուներ՝ Իշխան Զաքարյանը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցությունից:
Ռուբեն Ռուբինյան (ԱԺ փոխնախագահ) - Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Իշխան Զաքարյանը գրություն է ուղղել ԱԺ նախագահին՝ հայտնելով, որ ինքը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցության կազմից և գործելու է որպես անկախ պատգամավոր:
Կառավարող և ընդդիմադիր ուժերի միջև շարունակվեց դեռևս երեկ մեկնարկած բանավեճը. առարկան ՏԻՄ ընտրության արդյունքներն էին: «Հայաստան» խմբակցության դաշնակության թևին դուր չէր եկել ՏԻՄ ընտրություններում իշխող ուժի կողմից իրենց ստացած արդյունքների հիշատակումը:
Արթուր Խաչատրյան (ՀՀ ԱԺ « Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Այս 30 տարվա ընթացքում առնվազն 3 դեպք գիտեմ, որ կուսակցությունները, որոնք ինչ-որ մի պահի շատ ձայներ էին հավաքում, էդ դիրքերից էին խոսում, որ մենք այսքան, ՀՅԴ՝ 5,7 տոկոս. ո՞ւր են հիմա նրանք: Ոմանք հիմա գոյություն չունեն: Պարզապես հորդորում եմ զերծ մնալ այդ հռետորաբանությունից և տեսնել նաև թրենդը:
Իշխող ուժից պատասխանեց Վահագն Ալեքսանյանը՝ հիշեցնելով, որ թեման սկսել է դաշնակցական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, որը խոսեց ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի արդյունքներից ու հայտարարեց, թե կուսակցությունը գահավիժում է:
Վահագն Ալեքսանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Պրն Խաչատրյան, Դուք կուսակցություն եք, երբ գալիս, խոսում եք մեր կուսակցության հավաքած թվերից, որոնք, ի դեպ, բոլոր ՏԻՄ ընտրությունների համագումարով 50.2 % են, պետք է խոսեք նաև ձեր թվերից, որոնք 3.6 % են:
«Քաղաքացիական պայմանագրից» Էդաուրդ Աղաջանյանն էլ ՏԻՄ ընտրություններում կառավարող ուժի ոչ բոլոր տեղերում հաղթելը ժողովրդավարության վառ ապացույց է համարում:
Էդուարդ Աղաջանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Փաստը, որ ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները ոչ բոլոր տեղերում են հաղթում, մեր բոլորիս հաղթանակն է: Ժողովրդավարական համակարգն, ըստ էության, դրանով է տարբերվում տոտալիտար համակարգից:
Խորհդարանը շարունակեց աշխատանքներն օրենսդրական նախագծեր քննարկելով: ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գործատուին հնարավորություն է տրվում Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին ընդհուպ հեռացնել աշխատանքից: Նույնականացման տվյալներ չունեցող աղբյուրներին հղում տալու և ապօրինի խոսք պարունակող տեղեկատվությունը փոխանցելու դեպքերում լրատվամիջոցը պատասխանատվության կենթարկվի. ԱԺ-ն հաստատեց «Զանգվածային լրատվության և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Օրենսդիրն ընդունեց նաև երեկ և այսօր քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները: Քառօրյայի օրակարգն ավարտվեց, սա նաև նստաշրջանի վերջին նիստն էր: Կլինի ԱԺ մեկ արտահերթ նիստ՝ դեկտեմբերի 15-ին:
Հեղինակ՝ Անի Օհանյան